ԱԻՆ ՓԾ տնօրենը Կոտայքում ներկայացրել է ՄՓՎ նոր պետին, իսկ Գեղարքունիքում հանդիպել ջրափրկարարների հետ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 15-ին ներկայացրել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Գևորգ Սեդրակյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառումն անցկացվել է Կոտայքի մարզպետարանում, փրկարար ծառայության տնօրենին ուղեկցել են տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, ներկա էին վարչության անձնակազմը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, մարզպետարանի ներկայացուցիչները:
Իր հերթին Գևորգ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ղեկավար կազմին վստահության համար և նշել, որ կանի հնարավոր ամեն բան վարչության անունն ու հեղինակությունը բարձր պահելու համար:
Բացի այդ, լողասեզոնի բացմանն ընդառաջ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը տեղակալների և Գեղարքունիքի ՄՓՎ պետ Արմեն Ճզմաչյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի հատուկ ջրափրկարարական ջոկատ, տեղում անցկացրել անձնակազմի և տեխնիկայի ստուգատես, ծանոթացել մոտորանավակների աշխատանքային վիճակին: Այցի վերջում ՓԾ տնօրենը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ՝ քննարկել առաջիկայում նախանշված ծրագրերը: