չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արշակ Մուրադյանն այն հերոս ուսանողներից է, ով պատերազմի առաջին օրից կամավոր էր մեկնել ռազմաճակատ

Արշակ Մուրադյանն այն հերոս ուսանողներից է, ով պատերազմի առաջին օրից կամավոր էր մեկնել ռազմաճակատ

Ապագա բժիշկն իր օրինակով փաստում է՝ պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին: Իր գրառման մեջ նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Արշակ Մուրադյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է՝ այն հերոս սովորողներից, ով պատերազմի առաջին օրից կամավոր էր մեկնել ռազմաճակատ։

Քարվաճառում առաջադրված խնդիրը գերազանց կատարելուց հետո ստորաբաժանման հետ տեղափոխվել է Արցախի հարավ՝ Ջրական, այնուհետև Իշխանաձոր։

Իշխանաձորում մարտական գործողության ժամանակ անհրաժեշտ է եղել հետ նահանջել։ Տեխնիկայով հանդերձ՝ զորքը դիրքավորված է եղել Իշխանաձորում, իսկ ապագա բժիշկը շտապ օգնության մեքենայով գտնվել է Սանասարում՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Արշակին տեղեկացել են, որ իրեն կցված ստորաբաժանումը հայտնվել է հրետանային կրակի տակ, իսկ տեխնիկաները խոցվել են։

Հրամանատարի և վարորդի հետ վերադառնում են Իշխանաձոր։ Անտեսելով թշնամու հրետանային հարվածները և անօդաչու սարքերը, գիտակցելով կյանքին սպառնացող վտանգները՝ նրանց հաջողվել է ներխուժել կրակային դիրք, անվնաս դուրս բերել անձնակազմին՝ տեղափոխելով Սանասար։ Այնուհետև նրանք իրենց գործունեությունը շարունակել են Կովսականում, իսկ այդտեղից էլ՝ Շուշիում:

 

Պատերազմի վերջին օրերին եղել են Բերձորում։ Հրադադարը կնքելուց հետո ապագա բժիշկը տուն չի վերադարձել և ստորաբաժանման հետ տեղափոխվել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ՝ իրականացնելու մարտական հերթապահություն, որտեղ 20 օր շարունակ մասնագիտական պարտքն է կատարել ո’չ միայն զորքի, այլև տեղի բնակիչների համար։ Ինչպես շատ մասնակիցներ, ԵՊԲՀ սովորողը ևս պատերազմի մասին խոսել այդքան էլ չի սիրում:

«Պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին: Կյանքում անգամ ամենադժվար պահին, երբ գիտակցում ես, որ մարդկային կյանքը կախված է քեզանից, ուժերիդ և գիտելիքներիդ ներածին չափով պետք է օգնես ու պատվով կատարես քո առջև դրված խնդիրը: Պատերազմում էլ է այդպես, որովհետև գիտակցում ես, որ մի ամբողջ ստորաբաժանման կյանքն ու առողջությունը հենց քո ձեռքերում է, և դու այդ պահին էլ ավելի պատասխանատու պետք է մոտենաս քո մասնագիտությանը»,-դիպուկ բնութագրում է ապագա բժիշկն ու մարտիկը։

Արշակ Մուրադյանը որպես նեղ մասնագիտացում ընտրելու է դիմածնոտային վիրաբուժությունը: Այժմ նա աշխատում է ծննդավայրում՝ Հրազդանի բժշկական կենտրոնում:

  • Կիսվել: