Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած վթարի հետևանքով վիրավորված 28–ամյա կնոջ և 2 երեխաների վիճակը դեռ ծանր է
Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Վթարի հետևանքով տուժած 8-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մյուս երկու երեխաների առողջական վիճակը՝ ծանր։
NEWS.am–ի տեղեկություններով վթարի հետևանքով տուժած «BMW»–ի վարորդը նույնպես շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալելու որոշում կա։
Հիշեցնենք, որ ապրիլի 10–ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական տեղեկություններով BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


