Բանակցային գործընթացում եվրոպական երկրների ներկայացուցիչների ընդգրկման հարցը Մոսկվայում չի քննարկվել. Զախարովա
Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եվրոպական երկրների ներկայացուցիչների ընդգրկման հարցը Մոսկվայում կայացած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը չի քննարկվել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքանով հայտնի է Ռուսաստանի ԱԳՆ-ին, այդ թեման Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում բանակցությունների ընթացքում չի քննարկվել»,- ասել է նա՝ մեկնաբանելով Քուշների հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ դրանում ներառելով եվրոպացի գործընկերներին։
Ամերիկացի բանակցողի խոսքով՝ դա թույլ կտա քննարկել ապագա եվրոպական անվտանգության հարցերը Մոսկվայի և Կիևի միջև տարածքային հարցերին զուգահեռ։



