չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ կատարվել են պայթեցման աշխատանքներ

Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ կատարվել են պայթեցման աշխատանքներ

Այսօր երեկոյան Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցելու նպատակով նոր կառուցվող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կատարվել են պայթեցման աշխատանքներ։

Մինչ պայթեցումն իրականացվել է հորատում՝ ըստ նախագծի։ Պայթեցվող տարածքում կատարվել է մոտ 270 հորատանցք՝ 8մ միջին խորությամբ, որոնց մեջ էլ լցվել է պայթուցիկ նյութը։

Պայթեցման արդյունքում փխրեցվել է մոտ 16 հազար խմ ժայռային ապար։ Հետագայում ապարը, լրացուցիչ մշակում անցնելով, հիդրոմուրճով կմասնատվի մանր չափերի, որից հետո ճանապարհաշինության ժամանակ կօգտագործվի քարային հետլիցքի նպատակով։

Մինչ պայթեցման աշխատանքները ՀՀ ՆԳՆ, ԱԻՆ ներկայացուցիչները փակել էին հարակից Մ-1 միջպետական ճանապարհը, կապալառու կազմակերպության հետ ապահովել անվտանգության միջոցառումները։ Պայթեցման մասին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նախապես տեղեկացրել էր բնակչությանը։

Պայթեցումից անմիջապես հետո շինարարական կազմակերպությունը հարակից տարածքում փոշու քանակը վերահսկելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացրել է ջրցանում։

  • Կիսվել: