Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է
Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը տվել է մակերեսային պատասխաններ՝ մանրամասն տեղեկություններ չներկայացնելով:
30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, և 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից և իբրև քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:
Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչև սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի և մի շարք այլ հարցերի մասին:
Փաստաբան Արա Ղազարյանի հետ ՀԺ-ն զրուցել է Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների, դրանց արժանահավատության մասին.
– Պարո՛ն Ղազարյան, ի՞նչ տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի, կարգավիճակի մասին:
– Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել, և միևնույն ժամանակ նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետև, եթե ապաստան է հայցում, դա բացառում է քրեական վարույթը, վարչական վարույթ է, և պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե ոչ: Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, և հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը:
– Գտնվելու վայրի, պայմանների մասին ի՞նչ են նշել, ինչի՞ց եք հասկացել, որ անազատության մեջ է:
– Ասում են, որ գտնվում է մի հաստատությունում, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո, ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, և ամեն ինչ նորմալ է: Բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ, կկարողանար զանգահարել իր հարազատներին, պարզ չի՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելը անազատության հատկանիշներից մեկն է:
– ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշման մեջ կար նաև հարց՝ արդյո՞ք Նարեկ Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների և ՀՀ իշխանության հետ: Այս հարցին Ադրբեջանը կոնկրետ պատասխան տրե՞լ է:
– Ոչ, չի տվել, ամենայն մանրամասնությամբ այդ հարցին չեն պատասխանել, բայց փաստ է, որ հեռախոսը առգրավված է:
– Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի պատասխանը գոհացնող չէ՞:
– Ոչ, իհարկե, մեր հաջորդ քայլերն ենք մշակում, որոնց մասին ընթացքում կտեղեկացնենք:
– Իսկ Կարմիր խաչի կողմից նոր տեսակցություն եղե՞լ է:
– Դե Կարմիր խաչը կցկտուր տեղեկություններ է տալիս: Ընդհանրապես, եթե Նարեկը ապաստան հայցող է, Կարմիր խաչն այստեղ անելիք չունի: Սա էլ է հակասող տեղեկություններից մեկը. ի՞նչ կապ ունի Կարմիր խաչը, եթե այն զբաղվում է զինված հակամարտության կողմերի՝ գերեվարության մեջ գտնվող զինվորականների հարցով, ընդ որում՝ միայն հումանիզմի տեսանկյունից, իրավական գործընթացներին չի խառնվում, այսինքն՝ եթե անձը պարզապես ապաստան է հայցում, Կարմիր խաչը չունի ոչ մի գործառույթ կամ լիազորություն: Սա էլ է խնդիր, որը մենք բարձրաձայնելու ենք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։