ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

Տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: Այս մասին այսօր կայացած առցանց քննարկման ընթացքում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝  չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք  իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց  տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև  անազատության մեջ հայտնված անձանց  ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց  մասին  տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց Ամատունին:

 

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին   տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է  հեռու պահեն  հանրային ուշադրությունից:  Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը,  իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց  Զառա Ամատունին:

  • Կիսվել: