շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդ են. «Տաշիր»

Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդ են. «Տաշիր»

«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Ադրբեջանի կողմից ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներին՝ դրանք աբսուրդային անվանելով: Այս մասին հայտնում են «Տաշիր»-ից:

Ընկերությունից հայտնել են, որ Կարապետյանի դեմ քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է «քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով»: «Այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, զայրույթ է առաջացնում և անընդունելի է»,-ասել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլինի իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից քանդված տարածաշրջանի վերականգնմանը»,-ասել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և հումանիտար ծրագրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Արդյունքում այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից: Միևնույն  ժամանակ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են մահացել»,-ասել են մամուլի ծառայությունից:

«Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել հայ ժողովրդին և ռազմական բախումների ընթացքում տուժած խաղաղ բնակիչներին ,-ասված  է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: 

Նրանք մեղադրվում են Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մաքսանենգ ճանապարհով մատակարարելու մեջ։

  • Կիսվել: