շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանցիները Գևորգին ասել են` իզուր մի ուրախացի, դու չես վերադառնում հայրենիք

Ադրբեջանցիները Գևորգին ասել են` իզուր մի ուրախացի, դու չես վերադառնում հայրենիք

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներից 31 հոգի 2023-ի դեկտեմբերի 13-ին հայրենիք վերադարձան։ Ի սկզբանե նշվում էր, որ վերադարձնելու են 32 գերու, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը որոշեց 31 հոգու վերադարձնել: Ընդ որում, լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի փոխարեն մեկ այլ ռազմագերու էին ուղարկել, եւ այդ մասին Շուշիում գերեվարված Էուլջեքջյանն իմացել էր փոխանակումից միայն երեք ժամ առաջ։ Հիշեցնենք, որ հայ ռազմագերիներին փոխանակել էին 2023-ին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի երկու մարդասպան-դիվերսանտների հետ։
 
Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ գերիների փոխանակման հետ կապված: Ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված ցանկում նշված էր նաեւ Գեւորգ Սուջյանի անունը, սակայն տուն վերադարձողների խմբում նա չկար։ Սուջյանն ընկերների հետ օգնություն էր հասցնում արցախահայերին ու գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից օրեր անց։ 
 
Գերությունից վերադարձած մեր տղաներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում, պատմել է, որ ինքը Գեւորգ Սուջյանի ու եւս երկու մյուս հայ ռազմագերիների հետ նույն խցում է նստած եղել։ «Եկան, ասեցին, որ գնում եք տուն։ Բոլորս ուրախացանք, Գեւորգն էլ շատ ուրախացավ, բայց Գեւորգին ասեցին՝ իզուր մի ուրախացի, դու այստեղից երբեք դուրս չես գա»,- պատմել է գերությունից վերադարձածը։ Պարզվում է, որ Գեւորգ Սուջյանի նկատմամբ այդ վերաբերմունքը կապված է այն բանի հետ, որ պատերազմի օրերին Սուջյանն Ալիեւի կնոջ` Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հասցեին որոշ կոչեր է հնչեցրել, ինչի մասին տեսանյութ էլ կա, եւ դա է պատճառը, որ նրա հանդեպ ընդգծված ատելություն ու չարություն կա։ 
 
Կայքի զրուցակիցը մի տեղեկություն էլ է հայտնել: Պատմել է, որ գերիներին շատ վատ են վերաբերվում Բաքվի բանտում` նրանք ծայրահեղ հյուծված են: Սակայն, ՄԱԿ-ի Կարմիր խաչի հանձնախմբի այցելությունից մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմը սկսում է ինտենսիվ սնունդ տալ, որպեսզի հայ ռազմագերիները հյուծված տեսք չունենան եւ չբողոքեն սովից ու վատ վերաբերմունքից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: