ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Աբովյան քաղաքում հրկիզել են 54-ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան

Աբովյան քաղաքում հրկիզել են 54-ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի  36 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են  Renault Logan մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենան, որը որպես տաքսի շահագործում է Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Բեջանյանը, հրկիզել են:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ այս տարվա մարտի 12-ին՝ նույն ժամին, նույն թաղամասում նույնպես հրկիզել էին Ռ. Բեջանյանի կողմից շահագործվող, նրան պատկանող Opel Astra  մակնիշի ավտոմեքենան: Այս դեպքում տեսախցիկները արձանագրել են նաև, թե ինչպես է տեղի ունեցել հրկիզումը, սակայն մինչ այժմ ոստիկանության Կոտայքի բաժնում չեն կարողացել հայտնաբերել հանցագործին: 2 փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: