Դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման գոտում, գտնվում ենք տնօրենի ժ/պ-ի որոշման փուլում. Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասին
Երբ նման դեպքեր են լինում, դա երբեք մեկ օրվա միջադեպի դրսևորում չի, սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոnնք այդ օրն արտացոլվել են այս ձևաչափով։ Ճեպազրույցում անդրադառնալով Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա՝ ամենակարևոր խնդիրն է հասկանալ՝ ինչպես է այդ իրավիճակը հնարավոր դարձել.«Նման իրավիճակները հնարավոր են լինում, երբ ժամանակին ճիշտ չեն արձագանքում պրոբլեմներին, սա նաև կոմունիկացիայի պակաս է: Դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման գոտում, գտնվում ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման հարցում»:
Հարցին, արդյոք ուսուցիչը կշարունակի այս պայմաններում աշխատել, թե կփոխի աշխատավայրը, նախարարն արձագանքեց.«Կարծում եմ որևէ մի ուսուցիչ չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ իրեն թիրախավորում են և չեն ստեղծում պայմաններ աշխատելու: Ուսուցիչը պետք է դպրոցում իրեն պաշտպանված զգա, անկախ նրանից ինչ խնդիր է եղել, սա խնդրի լուծման եղանակ չի»: