Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար:
Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները:
Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործման, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և բարեվարք քրեակատարողական ծառայողներ ունենալու ուղղությամբ:
Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Նիլակշի Սահա Սինհայը հաջողություն է մաղթել նախարարին՝ նշված ոլորտներում աշխատանքներն իրականացնելու համար:
Դեսպանը ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում, այս համատեքստում քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը:
Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցերը:
Կողմերը պայմանավորվել են առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունն Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում: