կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
93 կառուցված կամ հիմնանորոգված մանկապարտեզներ կապահովվեն գույքով. Փաշինյանը թվարկեց բոլորի անվանումները

93 կառուցված կամ հիմնանորոգված մանկապարտեզներ կապահովվեն գույքով. Փաշինյանը թվարկեց բոլորի անվանումները

Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի՝ 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամի վերաբաշխում, որը կուղղվի ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզները գույքով ապահովելուն, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկելուն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 27-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Աշխատանքներն իրականացվում են Կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

«500 մանկապարտեզների ծրագիրը ոչ միայն շինարարության մասին է, այլև այդ շենքերն ամբողջությամբ նոր գույքով հագեցնելու:

Արդեն իսկ այս պահին 2023 թվականի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտվել են: Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավարտված հաստատությունների թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն, և հիմա էլ արդեն ՏԿԵՆ գործընկերների հետ աշխատանքների արդյունքում առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, սակայն գույքով ապահովման խնդիր կա: Նման 93 մանկապարտեզ է առանձնացված»,- ասաց նա և նշեց, որ 93 մանկապարտեզից նորակառույց է 25-ը, վերակառուցված՝ 14-ը, հիմնանորոգված՝ 54-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ 93 մանկապարտեզները 2024-ին կսկսեն կամ կվերսկսե՞ն իրենց գործունեությունը՝ բացի Գեղամասարից, նախարարը հաստատեց:

Վարչապետը թվարկեց վերոնշյալ 93 մանկապարտեզները և հավելեց. «Այս բոլոր մանկապարտեզների 95 և ավելի տոկոսը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով: Ուզում եմ հիշեցնել նաև, որ սուբվենցիոն ծրագրերում Կառավարության մասնաբաժինը մանկապարտեզների մասով առնվազն 70 տոկոս է, տեղ-տեղ նաև՝ մինչև 85 տոկոս»:

Խոսքն ուղղելով նախարար Անդրեասյանին՝ վարչապետը նշեց, որ միակ խնդիրն այս գործում մնում է որակը, ապա տեղեկացրեց, որ այցելելու է այդ մանկապարտեզներ՝ հասկանալու, թե ինչ գույք է ձեռք բերվել:

«Սրանով ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ երիտասարդ մայրիկներն աշխատելու, տնտեսական և հանրային կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան, և այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրն էական է»,- ասաց Փաշինյանը և տեղեկացրեց, որ խորհրդակցություններից մեկի շրջանակում արձանագրվել է, որ 500 մանկապարտեզների ծրագիրը պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցների ծրագիրը:

  • Կիսվել: