շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
500 մլն դոլարի ներդրում և 500 մլն դոլարի պա՞րտք․ «Զվարթնոցի» զարգացումների շուրջ

500 մլն դոլարի ներդրում և 500 մլն դոլարի պա՞րտք․ «Զվարթնոցի» զարգացումների շուրջ

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատրաստվում է 500 մլն դոլարի ընդլայնման՝ ուղևորահոսքի «աննախադեպ աճը» սպասարկելու համար. այս մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն։ Ներդրումային նոր ծրագրի մասին հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Հայաստանի կառավարությունը և օդանավակայանի կոնցեսիոները պարզաբանում են իրենց ֆինանսական հարաբերությունները։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 31-ին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում նշել էր ընկերության հանդեպ կառավարության ավելի քան 500 մլն դոլարի պարտքի կուտակման վերաբերյալ։

ՍիվիլՆեթի հարցումներին ի պատասխան՝ Ֆինանսների և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները պնդում են, որ խոսքը ոչ թե ուղղակի պարտքի, այլ «պայմանական պարտավորությունների» մասին է, որոնք կարող են իրականանալ միայն բացառիկ դեպքերում, ինչպիսին է կառավարության նախաձեռնությամբ կոնցեսիոն պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը:

Ընդլայնում՝ աճող պահանջարկին համընթաց

2001-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն օրեր առաջ Forbes-ի հավելվածում հրապարակված հարցազրույցում ասել է, որ վերջին երկու տարում ուղևորների թիվը գերազանցել է բոլոր կանխատեսումները՝ հասնելով տարեկան ավելի քան 5,5 մլն-ի, մինչդեռ տերմինալը նախատեսված է 3-4 մլն ուղևորի համար։

«Մեր ներկայիս կարողությունները ծայրահեղ ծանրաբեռնված են։ Ընդլայնումը կենսական նշանակություն ունի»,- նշել է Վենդեն։

Առաջիկա տասը տարում նախատեսվող 500 մլն դոլարի ներդրման արդյունքում օդանավակայանի չափերը կկրկնապատկվեն։ Նստեցման դարպասների թիվը 6-ից կդառնա 16, իսկ ժամանման սրահները, անձնագրային և մաքսային գոտիները կավելանան ավելի քան երկու անգամ։

500 մլն դոլարի պարտավորության հարցը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պնդմամբ՝ քանի որ կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է շահութաբերության ֆիքսված երաշխավորություն, իսկ կոնցեսիոները տարիներ շարունակ ավելի ցածր իրական շահութաբերություն է արձանագրել, երկուսի միջև տարբերությունը կուտակվել է որպես պարտք։

«Այսօր այդ երաշխավորված և իրական շահութաբերությունների տարբերությունը մի քանի հարյուր միլիոն դոլար է կազմում։ Թղթի վրա այդպես է, այսինքն՝ կուտակված պարտավորություն մենք ունենք»,- նշել էր Քերոբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ պնդելով, որ գումարը 500 միլիոն դոլարից ավելի է։

Ըստ նրա՝ այդ պարտքը մարելու համար կարող են քննարկվել տարբեր մեխանիզմներ, օրինակ՝ «մենաշնորհի երկարաձգումը», որն այժմ քննարկվում է կառավարության հետ բանակցություններում: Նախկին նախարարը զգուշացրել էր, որ «դա էլի մեր մաշկից է դուրս գալու»։ Նա ընդգծել էր պատշաճ վերահսկողական մեխանիզմների անհրաժեշտությունը՝ ստուգելու, թե արդյոք ընկերությունը «ճիշտ է վարում իր ֆինանսական հաշվետվությունները»։

«Արմենիա» միջազգային օդանավակայանները» ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան օգոստոսի 12-ի գրությամբ հերքել է պարտքի առկայությունը. «Ներկայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ պարտավորություն չունի կոնցեսիոների հանդեպ»։ Ընկերությունը նաև հաստատել է, որ շարունակական և կառուցողական քննարկումներ է վարում ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ՝ օդանավակայանների բոլոր հարմարությունների ընդլայնման և նոր գլխավոր հատակագծի (Master Plan) մշակման շուրջ։

Ֆինանսների և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները ՍիվիլՆեթի հարցումներին գրեթե նույնաբովանդակ պատասխաններում մանրամասնել են պարտավորության իրավական և ֆինանսական բնույթը։ Երկու գերատեսչություններն էլ ընդգծում են, որ անհրաժեշտ է տարբերակել ուղղակի և պայմանական պարտավորությունները։ Ըստ պատասխանների՝ կոնցեսիոն պայմանագրի շրջանակում պետական բյուջեի վրա «որևէ ուղղակի ֆինանսական պարտավորություն սահմանված չէ», և պետությունը վճարումներ կատարելու անմիջական անհրաժեշտություն չունի։ Ավելին, ՀՀ 2025-ի պետական բյուջեում այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։

«Պայմանական պարտավորություն»՝ իրավական պարզաբանում

Պաշտոնական բացատրությունների համաձայն՝ պայմանագրի որոշ դրույթներ պարունակում են պայմանական պարտավորությունների տարրեր, որոնք կարող են իրական ֆինանսական վճարումների հանգեցնել «միայն որոշակի պայմանների առկայության դեպքում»։ Հանրային հատվածի հաշվապահական ստանդարտների համաձայն (ՀՀ ֆինանսների նախարարի 24.10.2014թ. հրաման)՝ պայմանական պարտավորությունը պաշտոնական «լեզվով» սահմանվում է որպես.

  1. «հնարավոր պարտականություն` որպես անցյալ դեպքերի արդյունք, որի գոյությունը հաստատվելու է միայն մեկ կամ ավելի ապագա անորոշ դեպքերի տեղի ունենալով կամ չունենալով», կամ
  2. «ներկա պարտականություն, որպես անցյալ դեպքերի արդյունք, որը սակայն չի ճանաչվում», քանի որ հավանական չէ, որ դրա մարումը կպահանջի ֆինանսական միջոցների արտահոսք, կամ գումարը հնարավոր չէ չափել բավարար արժանահավատությամբ։

Գործնականում սա, ինչպես նշվում է պաշտոնական պարզաբանման մեջ, նշանակում է, որ իրական ֆինանսական պարտավորություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե պայմանագիրը վաղաժամ դադարեցվի հենց կառավարության նախաձեռնությամբ։

20% շահութաբերության երաշխիք և ռիսկերի կառավարում

Պայմանական պարտավորության հիմքում ընկած է կոնցեսիոն պայմանագրով սահմանված տարեկան 20% ֆինանսական ներքին շահութաբերության (IRR) թիրախային մակարդակը։ Այն հաշվարկվում է ներդրողի ընդհանուր ներդրումների (ներառյալ սեփական կապիտալը, և/կամ փոխարկելի վարկերի և միջազգային աուդիտորական ընկերության կողմից աուդիտ անցած Կառավարչի հաշվապահական հաշվետվություններում արտացոլված ցանկացած այլ կապիտալ ներդրումները) տարեկան զուտ դոլարային շահութաբերության հիման վրա՝ հարկումից հետո։

Այս շահութաբերությունն ապահովելու համար պայմանագրով նախատեսված են մի քանի մեխանիզմներ, որոնք ուղղակի վճարում չեն ենթադրում պետբյուջեից։ Դրանք են.

  • գլխավոր հատակագծի վերանայում,
  • սակագների բարձրացում,
  • պայմանագրի ժամկետի երկարաձգում։

Ֆինանսների նախարարությունը նշում է, որ մշտադիտարկում է բոլոր կոնցեսիոն պայմանագրերի հարկաբյուջետային ռիսկերը, և այդ վերլուծությունները ներկայացվում են պետական բյուջեի և Միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) համապատասխան բաժիններում՝ հանրության համար թափանցիկություն ապահովելու համար։ 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ն հրապարակված է նախարարության կայքում։

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման ռիսկը ներկայում գնահատվում է «շատ ցածր»՝ հաշվի

Երկու նախարարություններն էլ հաստատել են, որ վարչապետի 2023-ի հունվարի 27-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում ներկայում բանակցություններ են ընթանում կոնցեսիայի պայմանագրի լավարկման և երկարաձգման վերաբերյալ։

  • Կիսվել: