երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«5-րդ ալիքը» և «Ժողովուրդ» օրաթերթը մանիպուլացնում են՝ միայն «Հայաստան» դաշինքի ձայները չէ, որ «կեղծվել են»

«5-րդ ալիքը» և «Ժողովուրդ» օրաթերթը մանիպուլացնում են՝ միայն «Հայաստան» դաշինքի ձայները չէ, որ «կեղծվել են»

Հունիսի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի եթերում հայտարարվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայները կեղծվել են, գրում է fip.am-ը:

Հաղորդավարը, անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկին, նշել է, որ բազմաթիվ նոր ընտրակեղծիքներ են բացահայտվել։ «Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի օգտին ձայները կամ չեն գրանցվել, կամ գրանցել են այլ կուսակցության հաշվին, կամ էլ ձայների իրական քանակը զգալիորեն փոքրացրել են»,- ասել է հաղորդավարը։

Հաջորդող ռեպորտաժում օրինակներ են ներկայացվում՝ Կապանի 35/17 տեղամասում Հայաստան դաշինքի 258 քվեն հաշվվել է «Եվրոպական» կուսակցության օգտին, 35/30 տեղամասում՝ Եղվարդ գյուղում, դաշինքի 49 ձայնի փոխարեն 4 քվե է արձանագրվել։ Վանաձորի 23/47-ում «Հայաստան» դաշինքի 100 ձայնը տաս են հաշվել, և այլն։ 

«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել էր վերահաշվարկին արդյունքների փոփոխություններին և «աղաղակող կեղծված» թվեր արձանագրել կրկին միայն  «Հայաստան» դաշինքի պարագայում։

«Կեղծվել են» ոչ միայն «Հայաստան» դաշինքի ստացած ձայները

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անցկացվել է 80-ից ավելի ընտրական տեղամասում: Հունիսի 23-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի՝  վերահաշվարկվել էին ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները և արձանագրվել էին կողմ ձայների որոշակի փոփոխություններ։ 

Մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ 659-ով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ձայներն ավելացել են 52-ով,  60-ով պակասել են «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ձայները, «Վերելք» կուսակցության ձայները պակասել են 19-ով, և այլն։

Հունիսի 24-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի՝ վերահաշվարկվել են ընդհանուր 16 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեներն ավելացել են 20-ով, 5-ով պակասել ՔՊ-ի և 2-ով «Հայաստան» դաշինքի քվեները, իսկ մեկ-երկու քվեների տարբերություններ եղել նաև մյուս քաղաքական ուժերի դեպքում։  

Այսինքն, վերահաշվարկից հետո տարբերություններ գրանցվել են կամ, ինչպես «5-րդ ալիքն» է պնդում, «կեղծվել են» ոչ միայն «Հայաստան» դաշինքի ստացած ձայների դեպքում, այլև «Քաղաքացիական պայմանագրի» և այլ ուժերի ևս։ 

Արձանագրված անճշտությունները միտումնավոր կեղծի՞ք են, թե՞ տեխնիկական վրիպակ

Վերահաշվարկից հետո տեղամասերի ավարտական արձանագրությունները համեմատելով տարածքային հանձնաժողովների արձանագրությունների հետ՝ ակնհայտ է դառնում, որ անճշտությունները երկու պատճառ ունեն՝ կա՛մ ընտրատեղամասերը պատշաճ կատարել են իրենց աշխատանքը և ավարտական արձանագրությունների տվյալները համապատասխանել են քվեների իրական թվին և միայն տարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրելիս է այդ թիվը փոխված արձանագրվել, կա՛մ էլ տեղամասային հանձնաժողովները վերջնական արձանագրությունում թվերը սխալ են ֆիքսել։ 

Այսպես, ներկայացնենք վերահաշվարկի արդյունքում արձանագրված խախտումները, որոնց մասին լրատվամիջոցներ բարձրաձայնում էին։  

Վանաձորի 23/47 տեղամասի արձանագրության քաղվածքի մեջ ի սկզբանե «Հայաստան» դաշինքի դիմաց գրված է եղել 100 քվե, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում 10 էր նշված: 

Տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը FIP.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ 4 տեղամասերում վերահաշվարկ են կատարել և միայն 23/47-ում են անճշտություններ գտել, որտեղ արձանագրությունում «Հայաստան» դաշինքի դիմաց 100-ի փոխարեն գրված էր 10 ձայն։ «Վերահաշվարկի արդյունքում ստացանք 100 ձայն։ Բայց այստեղ մի նրբություն կա. քաղվածքը, որը արձանագրության հիման վրա են գրում և որը տրամադրել էին վստահված անձանց, այնտեղ 100 էր գրված։ Իրենց ասելով՝ շփոթմունք է, բայց, ամեն դեպքում, մենք գործերն ուղարկել ենք դատախազություն, մենք իրավասու չենք ենթադրություններ անելու»,- ասաց նա։ 

Կապանի 35/17 տեղամասում «Հայաստան» դաշինքի 258 քվեն հաշվվել է «Եվրոպական» կուսակցության օգտին, 35/30 տեղամասում՝ Եղվարդ գյուղում, դաշինքի 49 ձայնի փոխարեն 4 քվե է արձանագրվել։ 

35 տարածքային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 35/17 տեղամասում միանշանակ տեխնիկական վրիպակ է եղել։ «Մեր մասնագետն ուղղակի տողն է սխալ լրացրել, պետք է 24-ի վրա գրվեր, 23-ի վրա էինք գրել, ուրիշ ոչ մի բան։ Մինչև մեր ուղղումը, ամբողջ աշխարհով մեկ սկսեցին թնդացնելը։ Մենք կենտրոնականին ասել ենք, ուղղումն արվել է։ 4-5 օր է՝ մենք շան քթից ջուր ենք խմում, մի բան սխալվել ենք»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է 35/30-ին, ապա Սերգեյ Սարգսյանն ասաց, որ հաշվարկ են արել ոստիկանության հաղորդագրության հիման վրա։ «Մեր նախաձեռնությամբ բացել ենք, վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի օգտին 49 ձայն է եղել, մինչդեռ գրված էր 4։ Բայց պարկում գրվածը և քաղվածքները, որ տրվել են վստահված անձանց՝ գրված էր 49, այսինքն՝ ճիշտ էր, ուղղակի արձանագրությունները, որ բերել էին, դա էր սխալ եղել»,- ասաց նա և նշեց, որ փոփոխված արձանագրությունները ֆիքսել են և ուղարկել ԿԸՀ և չեն կարող ասել՝ իրավական ընթացք ստացե՞լ է, թե ո՞չ։ 

Երևանի Արաբկիր համայնքի 4/16 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին 390 քվե է եղել, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված է եղել 39 քվե: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մանվել Պապոյանը նշեց, որ թիվը ճշտվել է ու վերականգնվել: «Երբ բացվել է պարկը, պարկի մեջ ճիշտ գրված է եղել թիվը, ու երբ արձանագրությունը տվել են, թյուրիմացություն է եղել՝ 390-ի փոխարեն գրել են 39։ Միտում չեմ տեսնում, մենք սեփական նախաձեռնությամբ էլ բացել ենք պարկը, իրավական որևէ գործընթաց չի հետևել, մենք բոլորը ներկայացրել ենք կենտրոնական՝ խախտումները, գրառումները…»,- ասաց նա։ 

Ըստ Պապոյանի՝ ընդհանուր 11 տեղամասերի արդյունքներ են վերահաշվարկել, քաղաքական ուժերից 1-2 ձայների փոփոխություն է եղել, որոնք տարածքայինի նախագահը տեխնիկական թերություններ է որակում։

Ի դեպ, նկատենք, որ 4/2 ընտրատեղամասի արձանագրությունում բավական շատ են ջնջումները, և քաղաքական ուժերից, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքից և ՔՊ-ից, պակաս քվեաթերթիկներ են եղել։ 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղակայված 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրվել է որպես 26։ 

Տարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 տեղամասերում են վերահաշվարկ արել։ «14/8-ում տարածքային հանձնաժողովը երկու արձանագրությունում արձանագրել էր 26, իսկ 2 արձանագրությունում՝ 261։ Այսինքն, 4 հատ արձանագրություն է, մեկը՝ տեղամասի պատին, մեկը մատյանում, 2-ը մեզ մոտ՝ տարածքային են բերում, որից մեկը հաջորդ օրը մենք ուղարկում ենք ԿԸՀ։ Հիմա մեր մոտից մեկի արձանագրությունում թիվը եղել է 261, մյուսը՝ 26, և 26-ն է մեր ձեռքն ընկել համակարգ մուտք անելու համար, դա էլ ուղարկել ենք ԿԸՀ։ Հետո երբ որ տեսանք մյուսը 261 է, մեր նախաձեռնությամբ բացել ենք»,- ասաց նա։ Հարցին, թե միտում տեսնու՞մ են, ասաց, որ չեն կարող ասել, ուղղակի տարբեր մարդիկ են գրել, նույն ձեռագիրը չի եղել։ «Բայց մենք ամեն դեպքում ուղարկել ենք, թող իրավապահ մարմինները իմանան՝ միտում կա՞, թե՞ ոչ»,- ասաց Նազարյանը։ 

9-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն համայնքը, ըստ հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանի՝ ձայների մեծ տարբերություններ չեն եղել։ «Առաջին օրը վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի 3 ձայն է ավելացել, երկրորդ օրը 2 ձայն ՔՊ-ից է պակասել, 1 ձայն 4-րդ համարին է ավելացել, էական փոփոխություններ չեն եղել»,- ասաց նա։ 

2-րդ ընտրատարածքում 6 տեղամասերի վերահաշվարկ է կատարվել։ Տարածքային հանձնաժողովի նախագահ Մարատ Սևոյանը FIP.am-ի հետ զրույցում ասաց, որ 4-ը իրենց նախաձեռնությամբ են բացել, վերահաշվարկ կատարել, և 5-ում որևէ փոփոխություններ չեն եղել։

«Միայն 2/32 տեղամասում, որտեղ անվավեր քվեաթերթիկների թիվը 52-ի է հասնում, վերահաշվարկի ժամանակ 7-ն անվավեր են ճանաչել, իսկ 45-ը՝ վավեր։ Ամենակարևորը՝ միտում չի եղել, քանի որ տարբեր կուսակցությունների տարբեր քվեաթերթիկներ են եղել»,- ասաց նա։ 


Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ինչպես «5-րդ ալիքի», այնպես էլ «Ժողովուրդ» օրաթերթի պնդումները, թե «Հայաստան» դաշինքի ստացած ձայները կեղծվել են, մանիպուլյատիվ են, քանի որ նման անճշտություններ արձանագրվել են ոչ միայն  «Հայաստան» դաշինքի, այլև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մյուս քաղաքական ուժերի պարագայում։ Իսկ արդյո՞ք դրանք միտումնավոր կեղծիքներ են, թե ոչ՝ իրավական ընթացքը ցույց կտա։ 

  • Կիսվել: