կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանը այսօր կդառնար 22 տարեկան

44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանը այսօր կդառնար 22 տարեկան

Այսօր «Որդիների կանչ» ՀԿ անդամներից մեկի՝ Վարդան Երմալովյանի նահատակված որդու՝ Գոռ Երմալովյանի ծննդյան օրն է։ Հերոսի, ով իրեն չխնայելով, մասնակցել է դաժան մարտերի և այդ պայմաններում անգամ փրկել բազմաթիվ վիրավոր զինակից ընկերների կյանքեր։ Գոռն ասում էր՝ ցանկացած հայ պետք է կռվի, եթե մենք չգնանք, իրենք են գալու։ Ասում էր՝ պատերազմն իրոք լավ բան չի, բայց պատերազմը պարտադրված ա, ու մենք պիտի կռվենք հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի,- հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։ 

Գոռի շիրիմին էին այսօր այցելել հարգանքի տուրք մատուցելու Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տասնյակ բնակիչներ, բարեկամներ բախտակից ծնողներ, երեխաներ, հոգևորական այրեր։

«Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, խոսքը ուղղելով մարտիրոսացված զինծառայողների ծնողներին, նրանց դիմեց որպես Հայրենիքի Հայրեր ու Մայրեր, քանզի իրենք են տվել այս պետությանը իրենց անգնահատելին։ Այնուհետև Բագրատ Սրբազանն ու հերոսածին ծնողները միասին, Հայաստանի և Արցախի դրոշների ներքո , կատարեցին Հայաստանի և Արցախի օրհներգերը։

Գոռ ջան, քո և քո երկնային ընկերների զոհաբերած կյանքը իզուր չի անցնի, մենք՝ ձեզ նման հերոսներ ծնած ծնողներս, դա թույլ չենք տա։ Կնշեք այսօր տղերքով, միասին։

Շնորհավոր ծնունդդ, հերոս Գոռ Երմալովյան»։

  • Կիսվել: