ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2020
380 հետազոտությունից հակամարմին է հայտնաբերվել 61 բուժաշխատողի մոտ.թեստավորումները շարունակվում են

380 հետազոտությունից հակամարմին է հայտնաբերվել 61 բուժաշխատողի մոտ.թեստավորումները շարունակվում են

 Հայաստանում «առաջնագծում» COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողների, նաև որոշ պոլիկլինիկաների անձնակազմերի  շրջանում արվում է հակարմինների թեստավորում՝ պարզելու նրանք կորոնավիրուսով արդեն վարակվել են, թե ոչ: Հայաստանում նախատեսվում է COVID-19-ի հակամարմինների թեստավորում անել նաև բնակչության շրջանում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է պատասխանատուների հետ: 

«Թեստերն անում ենք «առաջնային գծում» COVID-19-ով պացիենտների բուժմամբ զբաղվող բուժաշխատողների շրջանում՝ ներառված են բժիշկները, բուժքույրերը, մայրապետերը և առողջության առաջնային պահպանման օղակում՝ այս դեպքում Երևանի պոլիկլինիկաների բուժաշխատողները: Ընտրել ենք խոշորագույնները, այնպես ենք արել, որ չլինի քաղաքի մի հատված, որտեղի պոլկլինիկա ընդգրկված չլինի: Մոտավորապես 1000-1100 բուժաշխատող կներառվի»,-ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:

Սակայն աշխարհում դեռ գիտականորեն հնարավոր չի եղել պարզել, թե կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացած հակամարմինները որքան ժամանակ են մնում օրգանիզմում և որքանով են պաշտպանում նորից վարակվելուց: «Կան հետազոտություններ, որոնք խոսում են այն մասին, որ հիվանդությունից 2-3 ամիս անց հակամարմինների խտությունն արյան մեջ կարող է բավականին նվազել: Բայց դա դեռևս չի նշանակում, թե մարդը իմունինտետ չունի: Իմունիտետը շատ բարդ համակարգ է, տարբեր բջիջներ են մասնակցում իմունիտետի ձևավորմանը, և այս թեստերն ուղղակի խոսում են հակամարմինների ներկայության մասին: Այսինքն՝ դեռևս շատ բաներ կան, որ գիտությանը հայտնի չեն»,-նկատեց Պետրոսյանը: 

Այսպիսով, եթե հակամարմին է հայտնաբերվում, ենթադրվում է, որ իմունիտետ առաջացել է, բայց դեռևս հայտնի չէ, թե ամեն մեկի օրգանիզմում այդ իմունիտետը ինչ ժամանակով կպահպանվի՝ 3 ամսո՞վ, 1 տարո՞վ, թե՞ մինչև կյանքի վերջ: Պետրոսյանը հիշեցրեց՝ գրիպի օրինակով գիտեն, որ այն երկար ժամանակ չի պահպանվում, սակայն նոր կորոավիրուսի դեպքում դեռևս ոչինչ հստակ ասել հնարավոր չէ:

Այսպիսով նա նշեց՝ եթե անհատի մոտ հետազոտությամբ հայտնաբերվում է հակամարմին, նա դա կարող է նկատի ունենալ, բայց վարքագծային ոչ մի փոփոխություն չանել: Անհատը, եթե բուժաշխատող է, պետք է շարունակի կրել պաշտպանիչ համազգեստը, իսկ եթե սովորական քաղաքացի է, ապա պարտավոր է հետևել կանոններին՝ կրել դիմակ, պահպանել հեռավորություն, ձեռքերը ախտահանել: 

«Հակամարմինները որոշելու համար բացի արյան շճաբանական հետազոտությունից, նաև հարցում ենք կատարում բուժաշխատղների շրջանում, որպեզի հասկանանք, թե որ մասի մոտ արդեն ախտորոշված է եղել, որ մասի մոտ կան հակամարմիններ, բայց ախտորոշված չի եղել, որ մասի մոտ որևէ ախտանշան չի եղել, սակայն հակամարմինների թեստավորումը ցույց է տալիս, որ օրգանիզմը ենթարկվել է վիրուսի ազդեցությանը»,-ասաց Պետրոսյանը:

Բացի այդ փորձելու են հասկանալ՝ վարակի աղբյուրը եղել է աշխատավա՞յրը, թե՞ ընտանիքի անդամ կամ մեկ այլ մարդ: Այդ հարցաշարերի միջոցով կփորձեն հասկանալ, թե բուժաշխատողների համար ռիսկի ինչպիսի գործոններ կան և արդյոք քաղաքականության մեջ որևէ փոփոխություն պետք է անել, թե ոչ, նաև ավելի լավ կհասկանան այս հիվանդությունը:

Հետազոտությունն արդեն 2 հիվանդանոցի և 3 պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում արվել է, բայց դեռևս պետք է արվի 5-6 պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում: Նպատակը ընտրանքի մակարդակով տեղեկություններ հավաքելն ու իրավիճակը նկարագրելն է: Խմբային մակարդակով արված թեստերը կտան տեղեկատվություն, թե վիրուսն ինչպիսի տարածվածություն ունի այսօրվա դրությամբ բուժաշխատողների շրջանում, և որոնք են եղել ռիսկի գործոնները: Տվյալներն ի մի կբերվեն մոտ 1 ամսում:

Հայաստանում թեստերը ձեռք են բերվել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի շրջանակում: «Մենք այնպիսի թեստեր ենք ձեռք բերել, որի զգայունությունը 100 տոկոս է, իսկ սպեցիֆիկությունը՝ 99.8 տոկոս: 99.8 տոկոս սպեցիֆիկությունը նշանակում է, որ եթե հակամարմին չունեցող 1000 հոգու թեստավորենք, 2-ի մոտ կտա կեղծ դրական պատասխան: Սա շատ փոքր թիվ է, բայց այնուամենայնիվ, 1000-ից 2-ի մոտ կտա կեղծ դրական պատասխան, և այդ երկուսը կարող են մտածել, որ իրենք իմունիտետ ունեն, իսկ իրականում չունենան: Այդ պատճառով թեստերի հետ պետք է շատ-շատ զգուշավոր լինել»,-նշեց նա:

Պետրոսյանը նկատեց, որ բնակիչները մասնավոր լաբորատորիաներում ևս թեստեր են հանձնում, սակայն այդ թեստերի ճշգրտության աստիճանը հաճախ այնքան էլ բարձր չէ: 

Բուժաշխատողների նմուշառումների հետազոտությունը կատարում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները: Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Թամարա Հովսեփյանը վստահեցրեց, որ թեստերն արվում են անանուն, արյան նմուշները լաբորատորիա են հասնում  համարակալված, այդպես էլ տրվում է պատասխանը: Մեր զրույցի պահին՝ հունիսի 29-ի կեսօրի դրությամբ արվել էր 380 հետազոտություն:  «70-ն էլ դեռ ընթացի մեջ է: 380-ից 61 նմուշներում են հայտնաբերվել հակամարմիններ: Արվել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի, Արտաշատի ԲԿ-ի բուժաշխատողների շրջանում, սկսվել է նաև Երևանի պոլիկլիկաների բուժաշխատողների շրջանում»,-նշեց Հովսեփյանը:

Նա ևս նշեց, որ եթե հայտնաբերվում է հակամարմին, մարդը չի կարող լիարժեք հանգիստ լինել, աշխարհում դեռ հայտնի չէ, թե հակամարմիններն ինչքան են մնում օրգանիզմում:  

Հայաստանում նախատեսվում է հետագայում նաև բնակչության շրջանում անել այս թեստավորումը: Վարդուհի Պետորսյանն ասաց. «Դրա համար մենք կունենանք ներկայացուցչական ընտրանք, որպեսզի գաղափար կազմենք, թե բնակչության շրջանում տարածվածությունն ինչ աստիճանի է: Այժմ փորձում ենք ԱՀԿ գրասենյակի հետ համագործակցել, ճշգրիտ թեստեր ձեռք բերելու համար: Հույս ունենք, որ կկարողանանք այդ թեստերը ձեռք բերել, համաշխարհային մակարդակով լավ, ճշգրիտ թեստերի դեֆիցիտ կա»: 

  • Կիսվել: