ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ. Բաբաջանյան

3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է, իր խոսքով, ՛՛բոլորին քաջ հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով»՛՛ իր դեմ նախաձեռնված հարձակման դեմ, որի մանրամասները չի հստակեցրել, միայն հիշեցրել է, որ դա կապված է 2004-ին իր՝ սարկավագ ձեռնադրվելու և Գլենդելի Սբ. Գևորգ եկեղեցու ատենապետ ընտրվելու, այնուհետև քրեական գործի պատճառով ձեռնադրությունը հետ կանչելու հետ:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Բոլորին քաջ հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է նախաձենռնվել իմ դեմ:

Առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու միայն հայտնեմ, որ 2004թվականին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի ձեռամբ ձեռնադրվել եմ սարկավագ և ընտրվել եմ Գլենդելի Սբ. Գևորգ եկեղեցու ատենապետ:

Իմ դեմ Հայաստանում հարուցված քրեական գործում առաջադրված մեղադրանքները հիմք ընդունելով սրբազան հայրը հետ կանչեց իր ձեռնադրությունը:

Կոնկրետ վերոնշյալ մեղադրանքով, որը հիշատակվում է սրբազան հոր նամակում ես արդարացվել եմ հենց առաջին ատյանի դատարանում:

Հասկանում եմ շատերի մտատանջանքները, ամենավերջին բառապաշարով, անվանարկելով հավասարկշռությունից և հունից հանելու ձեր այս գործելաոճը:

Չի ստացվելու: Շարունակելու եմ անվարան իմ ճանապարհը, իմ ուղին ավելի մեծ հաստատակամությամբ և նվիրումով:

Եկեղեցու հետ մշտապես և այսօր շարունակում եմ գտնվել սերտ կապերի մեջ: Վերջերս եմ հանդիպել վեհափառի և այլ սրբազանների հետ:

Մշտապես քննարկում ենք պետության և եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրները: Հայ Եկեղեցին ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի՝ 12 տարեկանից դեռ ԽՍՀՄ տարիներին, եղել եմ Հայ եկեղեցու երիտասարդական միության ատենապետ, նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիր:

Ուսանել եմ Վենետիկի Սբ. Ղազար հոգևոր ակադեմիայում, Գևորգյան ճեմարանում և վազգենյան դպրանոցում:

Ի դեպ, 3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ:

Հոգեկան առողջություն բոլորիդ՛՛:

 

  • Կիսվել: