ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2022-ի հուլիսից պարեկային ծառայության կազմած արձանագրություններում պետք է կիրառվի բալային համակարգը. Արմեն Խաչատրյան

2022-ի հուլիսից պարեկային ծառայության կազմած արձանագրություններում պետք է կիրառվի բալային համակարգը. Արմեն Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է բալային համակարգի արդյունավետությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միաժամանակ, նույն արարքի համար զրկվում են բալերից:

«Բալերից են զրկվում, տարվա ընթացքում դա դառնում է 9 բալ, և քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից: Այստեղ է, որ քաղաքացու իրավունքը խախտվում է»,- ասաց Մանուկյանը:

Խմբակցության ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Նշվում է, որ ըստ վիճակագրական տվյալների՝ տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել ճանապարհատրանսպորտային պատահարների պատկերը, չեն նվազել ՃՏՊ-ներով պայմանավորված մահվան դեպքերը, հետևաբար, նույն արարքի համար նախատեսված պատժի համակարգը պետք է վերացվի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ վիճակագրությամբ առաջնորդվել պետք չէ, քանի որ Հայաստանում եղել են իրադարձություններ՝ համավարակ, պատերազմ, ինչն անմիջականորեն ազդում է երթևեկության, վթարների ինտենսիվության վրա:

«Բալային համակարգը, կոպիտ ասած, գործում է առավելագույնը 40 տոկոս՝ նախատեսվածից: Այն գործում է միայն Երևանում՝ տեսահսկման սարքերով, պարեկների միջոցով արձանագրվող խախտումներում առայժմ բալային համակարգ չի կիրառվում»,- ասաց Խաչատրյանը:

Վարչական տույժը, Խաչատրյանի խոսքով, ունի հետևյալ նպատակը. սոցիալական արդարության վերականգնում, անձին իրավաչափ վարքագծի դրսևորման հարկադրում և իրավախախտումների նախականխում:

«Այս նպատակներից ելնելով է մշակվել բալային համակարգը: Թիրախավորվել են այն վարորդները, որոնք պարբերաբար կատարում են երթևեկության այնպիսի խախտումներ, որոնք առաջացնում են վթարային իրավիճակներ: Այս ոլորտում կան մոտ 105 տեսակի իրավախախտումներ, որոնց համար ճանապարհային ոստիկանությունը կայացնում է պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ: Դրանցից միայն 21-22-ի մասով են կիրառվում տուգանային միավորներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ առավելագույն տուգանքի չափն այսօր 29 հազար դրամն է, որը բալանսավորվում է բալերի միջոցով:

Նա վստահեցրեց նաև, որ բալային համակարգի ներդրմամբ սոցիալական բեռը չի ավելացել:

«2022 թվականի հուլիսից պարեկային ծառայության կողմից կազմված արձանագրություններում պետք է կիրառվի բալային համակարգը: Մի քանի տեսակի խախտումներ կան, տուգանքի չափը կնվազի, միավորներ կկիրառվեն արդեն»,- ասաց նա:

  • Կիսվել: