երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ինչո՞ւ պիտի ես խնդրեի Սերժ Սարգսյանին 2021–ին մասնակցել ընտրություններին. դա ինձ կխանգարեր. Քոչարյան

Ինչո՞ւ պիտի ես խնդրեի Սերժ Սարգսյանին 2021–ին մասնակցել ընտրություններին. դա ինձ կխանգարեր. Քոչարյան

Ինչո՞ւ պիտի ես խնդրեի Սերժ Սարգսյանին 2021–ին մասնակցել ընտրություններին, չի եղել այդպիսի բան։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե 2021–ին Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին խնդրել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրեն կօգնի։

«Եթե գործընկեր ֆրակցիայի պատգամավոր չլիներ, մի քիչ ուրիշ բառ կօգտագործեի։ Տվյալ դեպքում այսպես ավելի մեղմ եմ ասում։ Չի եղել այդպիսի բան։

Հակառակը, այդ մասնակցությունը ինձ պիտի խանգարեր, որովհետև պատկերը այնպիսին էր, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Երրորդ նախագահը ցուցակում չկար, բայց ամբողջ քարոզարշավը Վանեցյանն ինքն էր տանում և առաջին ջութակն էր քարոզարշավի, և ես էի։ Այն ժամանակ այդ հին ու նորի ընկալումը ավելի սուր էր և այդ պատկերը ամբողջական արտահայտվեց։ Ես պիտի խնդրեի այդ պատկերը ստանա՞նք։ Ես կարող եմ ասել ինչ է եղել. Հայրենիքի փրկության շարժման վերջին հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի և մենք հինգ-վեց հոգով քննարկում էինք ընտրությունների հարցը։ Մամիջանյանը հաստատ չի եղել այդ շրջանակում։

Այո, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր ընտրություններին, ես կողմ էի, ես ասում էի՝ չի կարող ընդիմությունը ասել՝ ընտրություն չեմ ուզում, հակառակ դեպքում հասկանալի չէ, քանի որ քաղաքական պայքարի տրամաբանություն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալ էր՝ Նիկոլ Փաշինյանը կտանի, մենք լեգիտիմացնելու ենք ընտրությունները։ Իմ մոտեցումը հետևյալն էր, որ իմ կամ իրենց մասնակցելով չէ, որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենալ, մեզ թվա, թե եթե մենք չենք մասնակցում ուրեմն լեգիտիմ ենք ընտրություննե՞րը։ Մինչև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։

Այն ժամանակ ինքը ասեց, որ իրենք չեն մասնակցելու, Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու։ Բոլոր մյուս մասնակիցները ասացին, որ մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում եղել է, և չեմ ուզում մասնակիցների անունները տալ, կարծում եմ՝ կռահում են բոլորը, թե ովքեր են եղել։ Ինչ-որ կոորդինացիոն բան կար Հայրենիքի փրկության շարժման ժամանակ»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, այն ժամանակ շրջանառվում էր տեսակետ, որ եթե այն ժամանակվա երկու ընդդիմադիր խմբակցությունները չհամաձայնվեին, կարող է ընտրություն չլինել. «Մեկ էլ կլիներ ընտրություն, ընտրությունները անխուսափելի են եղել։ Ուղղակի այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ուներ, որ իր դեմ կքվեարկեն, ինքը երախիքներ էր ուզում։ Նաև այն ժամանակ ցուցակ էր շրջանառվում, թե իբրև կային 15-20 պատգամավորներ, որոնք պատրաստ են այլ թեկնածուի համար քվեարկել։ Փուչիկ է դուրս եկել ամբողջությամբ դա։

Դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահը ասաց՝ չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասեցին մասնակցելու ենք։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ՝ ալսիր, ոնց որ դու ասել ես՝ չեք մասնակցում, հիմա որոշել եք մասնակցե՞լ։ Ինքը ասեց՝ դե գիտեք, մեր երիտասարդները հավաքվել են, ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, բայց քանի որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցելը։ Եթե դա խնդրանք է.….. Հակառակը՝ ես զանգեցի, ասեցի՝ ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան է դառնում։

Ինձ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը, հետևյալն էր. այո, ոչ մեկը մենակ չի կարող հաղթել, այո, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործին, հնարավոր է, որ երեք միավորով, չորս միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարային։ Էդ խոսակցությունը եղել է, բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, բացարձակ չի եղել»,–ասաց նա։

  • Կիսվել: