կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2021 թվականին մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 8,1%-ով

2021 թվականին մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 8,1%-ով

021 թվականին մանկական մահացության (մինչև 1 տարեկան) ցուցանիշը 2020 թվականի համեմատ նվազել է 8,1%-ով և կազմել 6,8 ‰, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 2,5%-ով և կազմել 8,0 ‰: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Ըստ Կառավարության 2021 թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվության՝ առողջապահության ոլորտում կառավարության գերակա քաղաքականությունը 2021 թվականին ուղղված է եղել հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, բնակչության համար դեղերի հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև առողջապահության էլեկտրոնային ամբողջական համակարգի ներդրմանը:

2021թ․-ին պետական պատվերի շրջանակում երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթն ընդլայնվել է, որը նպաստել է առողջացման ցուցանիշների և կյանքի որակի բարելավմանը։ 2021 թվականին պետական բյուջեից կենտրոնացված կարգով 10 հիվանդության և 199 679 շահառուների համար ձեռք է բերվել 58 անվանում դեղ:

Քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին հետազոտվել է 6961 կին:

Վերարտադրողական առողջության հետ կապված կատարվել է 33 շահառուի արհեստական սերմնավորում, գրանցվել է 17 հղիություն և մեկ ծննդաբերություն: Կատարվել է 393 շահառուի արհեստական բեղմնավորում, գրանցվել է 171 հղիություն, ծնվել է 74 երեխա:

Առողջապահության ոլորտում կարևոր ձեռքբերումներից է եղել նաև այն, որ 2021թ․-ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանը միացել է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դարձել են փոխադարձ ճանաչելի։

Կառավարության հետևողական գործողությունների շնորհիվ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, իսկ 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտնում դրանց օգտագործման արգելքը հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

2021թ․-ի ընթացքում շարունակվել և մեկնարկել են Հայաստանի տարբեր համայնքներում գտնվող բժշկական հաստատությունների կառուցման և վերակառուցման աշխատանքները։ 2021 թվականին մեկնարկել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ի, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿ-ի, Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև Ծաղկահովտի ԱԿ-ի, Արարատի մարզի Մասիսի ԲԿ-ի, Վայոց ձորի մարզային նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները։ Հաստատվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը, ըստ որի՝ Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի շենքը, ՀՎԿԱԿ Արմավիր և Արարատ մասնաճյուղերը վերակառուցվելու են։ Շարունակվել են Մարտունու ԲԿ-ի շենքի կառուցման նպատակով 2020 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները։

 

  • Կիսվել: