հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
2021-ին առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որոնց համար նախատեսվել է շուրջ 109 մլրդ դրամ

2021-ին առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որոնց համար նախատեսվել է շուրջ 109 մլրդ դրամ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որը կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 մլրդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 մլրդ դրամ:

Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Բանախոսի հավաստմամբ` հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 մլրդ դրամ:

Այնուհետև Խաչիկ Փափազյանը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի արձանագրած անհամապատասխանությունները: Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անընդունելի է համարել հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների գրանցված գերավճարները, սա այն դեպքում, երբ այդ ծառայություններից օգտվողների թիվը հստակ է:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը տեղեկացրել է, որ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած պարզաբանումները Հաշվեքննիչ պալատի արձանագրությունների վերաբերյալ տեխնիկական պատճառներով տեղ չեն հասել:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը հանգամանալի անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունում արձանագրված անհապատասխանություններին` շատ դեպքերում հերքելով դրանք:

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանն անընդունելի է համարել քննարկմանն առողջապահության նախարարի չմասնակցելը: Նա առաջարկել է հետաձգել նիստը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կողմ է արտահայտվել առաջարկին և ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` հարթելու երկուստեք արձանագրած անհամապատասխանությունները:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում ընդգծել է նմանօրինակ քննարկումների վերաիմաստավորման կարևորությունը:

Հարցի քննարկումը հետաձգվել է:

  • Կիսվել: