կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
12:00-ին բոլորով գնացինք առաջնագիծ, աղոթեցինք՝ խաղաղություն ցանկանալով մեր երկրին. սահմանին գտնվող հայ զինվորը 2023 թվականը դիմավորել է ամուր կանգնած հողի վրա

12:00-ին բոլորով գնացինք առաջնագիծ, աղոթեցինք՝ խաղաղություն ցանկանալով մեր երկրին. սահմանին գտնվող հայ զինվորը 2023 թվականը դիմավորել է ամուր կանգնած հողի վրա

Արդեն երկրորդ տարին է, ինչ շարքային Հայկ Գևորգյանն Ամանորը դիմավորում է սահմանին: 12:00-ը խփելուն պես թշնամուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնած զինվորները տարեմուտը մեկնարկում են «Հայր մեր»-ով, նույն պահին մեր հայրենակիցներն էլ իրենց տներում բաժակ են բարձրացնում ու խմում Հայկի ու ընկերների կենացը:

Հայկը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, 1 տարի ու կես արդեն ծառայության մեջ է Գորիսի N զորամասում: Zarkerak.am-ի հետ զրույցում շարքային Գևորգյանը պատմում է բանակում դիմավորած երկրորդ Ամանորի, զինվորների տրամադրության և իր երազանքների մասին:

«Բանակում Ամանորի միակ տարբերությունն այն է, որ ընտանիքի հետ չենք դիմավորում: Արդեն երկրորդ անգամ է՝ դեկտեմբերի 31-ի գիշերը դիրքերում  եմ, անկեղծորեն պետք է նշեմ, որ և՛ անցյալ տարի, և՛ այս տարի հետաքրքիր անցավ: Նախքան Ամանորը գիտեինք, որ սահմանին պիտի անցկացնեինք, բացի բանակի տված ուտելիքը, մենք էլ՝ զինվորներով առևտուր էինք արել հատուկ այդ օրվա համար ու տարել էինք մեզ հետ (հյութեր, շոկոլադ, մրգերի տեսականի և միս՝ խորոված անելու համար): Հենց ժամը 12:00-ին բոլորով գնացինք առաջնագիծ, որովհետև դիտակետում տղաներ կային, որոնք չէին կարող այդ պահին գալ մեզ մոտ, բոլորով միասին աղոթեցինք, որից հետ սկսվեց նշելու արարողությունը՝ սեղան նստեցինք, միմյանց շնորհավորեցինք, ամենակարևորը՝ ամեն մեկը զանգեց իր ընտանիքին: Ընդհանուր առմամբ, բանակում դիմավորած Ամանորներն ամբողջ կյանքի ընթացքում հիշվում են, հատկապես, երբ այն դիմավորում ես դիրքերում»:

Երբ պատմում է նախորդ տարվա մասին, Հայկն ասում է, որ զինվորները և՛ տոնածառ էին դրել, և՛ զորամասն էին զարդարել՝ փուչիկներով, փայլերով, լույսերով, իրենք էլ նույնն  արել էին սահմանին. «Անցյալ տարի ստեղծել էինք այդ տոնական տրամադրությունը,  այս տարի ո՛չ տոնածառ կար, ո՛չ փայլեր, ո՛չ լույսեր, որովհետև 2022-ին բոլորս էլ ընկերներ կորցրեցինք, մեզ համար դժվար էր նույնն անել՝ այս անգամ առանց նրանց»:

Ինչքան էլ փորձում է իր կյանքի 20 տարիներից առանձնացնել ամենահիշվող Ամանորը, մեկ է՝ կանգ է առնում  բանակում անցկացրածների վրա. «Շատ եմ կարոտել այն Ամանորները, որոնք տանն եմ անցկացրել՝ հարազատներիս ու ընկերներիս հետ, բայց բանակում այս տոնի հետարքրքությունն ուրիշ է, փորձում եմ այստեղ անցկացրած ամեն հետաքրքիր դրվագ ինձ հետ տանել: Երբ սահմանին կանգնած նայում ես թշնամու կողմ, հասկանում ես, որ քո հայրենիքն ուժեղ է, որ կանգնուն է և որ դու կանգնած ես հայրենիքիդ սահմանին ու այն պահողներից մեկն ես: Սա չափազանց մեծ պատասխանատվություն է ու միևնույն ժամանակ հպարտություն»:

Զինվորի ամենակարևոր երազանքն ու նպատակը վերջնական խաղաղության հասնելն է. «Նոր տարի ես մտնում՝ նոր երազանքներով ու նպատակներով, ինչը որ տվյալ տարվա մեջ հնարավոր չի եղել իրականացնել, փորձում ես գալիք տարում իրականություն դարձնել: Իհարկե բոլոր զինվորներիս երազանքը հիմա մեկն է՝ պատվով ծառայել հայրենիքին ու ողջ-առողջ հասնել մեր  ընտանիքներին: Թող այսուհետ մեր երկիրը ոչ մի պատերազմ չտեսնի, սահմանին նույնիսկ մեկ կրակոց չհնչի և ամենակարևորը՝ խաղաղ երկնքի տակ զինվորն ամուր ու հաստատուն կանգնած լինի սահմանին»:

Հայկը շատ ու շատ այլ ցանկություններ ու երազանքներ ունի, բայց դրանց հասնելու համար առաջին հերթին ուզում է արժանապատվորեն կատարել կյանքի գլխավոր պարտքը, դա պարտքն է հայրենիքին  ու երկրին:

Թող բոլոր առավոտները սահմանին լինեն խաղաղ ու թող բոլոր մայրերը հպարտորեն գրկեն իրենց զավակներին ու ասեն՝ բարի գալուստ...

  • Կիսվել: