երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Զովք» սուպերմարկետների ցանցը կբողոքարկի առաջադրված մեղադրանքները և կհասնի վնասի փոխհատուցման․ փոխտնօրեն

«Զովք» սուպերմարկետների ցանցը կբողոքարկի առաջադրված մեղադրանքները և կհասնի վնասի փոխհատուցման․ փոխտնօրեն

«Զովք» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը չի ընդունում ՊԵԿ-ի և քննչական մարմինները իրենց նկատմամբ առաջադրած մեղադրանքները, համարում է դրանք շինծու և ապօրինի։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ 

«ՊԵԿ-ը շտապեց հանդես գալ մեղադրանքով այն ժամանակ, երբ դեռ խանութներում խուզարկություններ էին ընթանում, կրիչները, համակարգիչները դեռ առգրավված չէին, որ գոնե դրանց պարունակությունը վերծանելով գային նման եզրահանգման։ Որտեղից իրենց նման վստահություն, որ ստացված օպերատիվ ինֆորմացիան, կամ իրենց եզրահանգումները ճիշտ են, ոնց կարելի էր առանց փաստացի ապացույցների հրապարակավ հանդես գալ նման հայտարարությամբ՝ արատավորելով մեր գործարար համբավը»,- նշեց Խաչատրյանը։

Միևնույն ժամամանակ նա վստահեցրեց, որ իրենց հասցեին հնչեցված մեղադրանքները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ զեղծարարություն անելու մեջ, իրականությանը չեն համապատասխանում։ «Մենք ոչ հաքեր ենք, ոչ նման տեխնոլոգիաներով ինչ որ զանցանքներ ենք արել, այո, յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ կարող է 1-3% շեղում արձանագրվել, բայց դա նորմայի տիրույթում է, և ոչ մի միտումնավորություն չի կարող պարունակել»,- հավաստեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրենք անշուշտ բողոքարկելու են այդ մեղադրանքները և հասնեն սուպերմարկետների ցանցին հասցված վնասի փախհատուցմանը։

Խաչատրյանը դժվարացավ ասել, թե որքան է կազմել կոնկրետ վերջին երկու օրվա խաթարված աշխատանքի հետևանքով իրենց հասցված վնասը, բայց նշեց, որ առաջիկա օրերին հաշվարկներ կարվեն։

Նա նաև ասաց, որ այս պահին խանութների մեծ մասը աշխատում է, կան որոշ մասնաճյուղեր, որ դեռ չեն աշխատում, կան մասնակի աշխատող խանութներ․ «Տեխնիկայի մեծ մասը առգրավված է, շատ դժվար է բնականոն աշխատանք ապահովել, բայց մենք աշխատում ենք անել ամեն ինչ աշխատանքը չխաթարելու և մեր հաճախորդներին հուսախաբ չանելու համար»։

Խաչատրյանը նաև բողոքեց քննչական գործողություններից․ «Անհասկանալի գործողություններ էին անում, նախ մենք ինքներս համաձայնել էինք տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալներն ու տեխնիկան, ինչի համար էր պետք փակել խանութները, խուզարկել դրանք։ Բացի այդ, քննիչները առգրավել են խանութի հետ կապ չունեցող իրեր նաև, օրինակ մեր մենեջերներից մեկի անձնական բջջային հեռախոսը, ընդ որում դա արել են բիրտ ուժով»։

Ամեն դեպքում Խաչատրյանը հավաստիացրեց, որ այս ամենի արդյունքում «Զովք» սուպերմարկետների ցանցի ճկուն գնային քաղաքականությունը չի փոխվի և իրենք հուսախաբ չեն անի հաճախորդներին։        

Նշենք, որ վերջին երկու օրերին «Զովք» սուպերմարկետների ցանցում տեղի ունեցան խուզարկություններ, ապա Պետական Եկամուտների կոմիտեն տարածեց հայտարարություն, որում ասված էր. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 35 դեպքով իրականացվել են նաև տարբեր տեսակի ապրանքների հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկությունները, կատարված 8 հսկիչ գնումների ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, 3 դեպքում էլ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։

Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ»։

  • Կիսվել: