երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ժուռնալիստների միությունը դատապարտել է հարձակումը «Հայելի» ակումբի վրա

Ժուռնալիստների միությունը դատապարտել է հարձակումը «Հայելի» ակումբի վրա

Հայաստանի ժուռնալիստների միությունն անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա այսօր չորս անձանց կողմից գործած հարձակմանը՝ խստորեն դատապարտելով տեղի ունեցածը:

Հարձակման մասին ժուռնալիստների միության անդրադարձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։

Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է: Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը»։

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հարձակման մասին հաղորդում չի ստացել: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել: Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,-  այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը լրատվամիջոցներին ասել է. «Սա կոնկրետ հարձակում է իմ անձի դեմ, այս արշավը դեռ շուտվանից էր սկսվել, որն արտահայտվեց հաղորդաշարի փակվելով, սոցցանցերում հահոյախառն մեկնաբանություններով: Ես դիմում եմ ՀՀ վարչապետին, ոստիկանապետին միջազգային հանրությանը եւ պահանջում գնահատական տալ, արձագանքել, քանի որ սա այլանդակ հարձակում է լրատվամիջոցի դեմ: Եթե ես սրա դեմ ընկրկեմ, ապա իրենց առաջնորդը պետք է ձվախեղդ լինի: Ու զավեշտալի է, որ ինձ մեղադրում են հակահայկական քարոզչության մեջ»:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը եկել է այն եզրակացության, որ հարձակումն առաջին հերթին ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Նա, մասնավորապես, ասել է.

«Ես սա առաջին հերթին համարում եմ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: ՍԴ-ի հարցի քննարկման շրջանակներում սա քաղաքական ակտ է, և, հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե «Հայելու առաջ» հաղորդման շուրջ ի՛նչ գործընթացներ են տեղի ունենում՝ պետք է այս համատեքստում դիտարկել տեղի ունեցածը։ Իրավապահ մարմինները անմիջապես պետք է արձագանքեն, հակառակ դեպքում՝ այս մեթոդը տարածում է ունենալու բոլոր լրատվամիջոցների դռների առաջ ու խմբագրությունների ներսում։ Խիստ պետք է դատապարտվի և քաղաքական ուժերի կողմից, բայց դատապարտելը քիչ է, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս դեպքով»:

Հիշեցնենք, որ այսօր չորս հոգի՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, քիչ առաջ պաստառներ էին փակցնում Հայելի ակումբի պատերին և ձվեր նետում դռների վրա:

Նրանց պահանջը լրատվամիջոցը փակելն էր: Պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե դռները բաց լինեին, նրանք նույնը կանեին ակումբի ներսում:

  • Կիսվել: