չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ընտանիքում բռնnւթյուն ենթարկված անձանց պաշտպանության համար կկիրառվեն էլեկտրոնային ձեռնակապեր

Ընտանիքում բռնnւթյուն ենթարկված անձանց պաշտպանության համար կկիրառվեն էլեկտրոնային ձեռնակապեր

Կառավարության նիստի ժամանակ քննարկվում է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին հարցը։

«Ինչպես տեղյակ եք ՀՀ-ում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման  մասին ՀՀ օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում բռնություն կիրառած անձի նկատմամբ, որոնցից մեկը բռնության ենթարկված մարդուն կամ բռնության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է, նրա բնակության վայրի մոտենալու արգելքը։

Գործնականում, առանց տեխնիկական միջոցների, սա կիրառելը շատ դժվար է։ Մենք երբեմն ականատես ենք լինում նման իրադրությունների, երբ մեր իրավապահ մարմինները պատշաճ արագությամբ չեն արձագանքում։

Այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք այս էլեկտրոնային ձեռնակապերը կիրառելու միջոցով կարող ենք այդ հեռավորության ապահովումը ստուգել, իսկ դա չապահովելու պարագայում արդեն ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ սա շատ կարևոր կարգավորում է և այս ընթացքում էլեկտրոնային սարքավորումները կիրառվել են տարբեր նպատակներով՝ պրոբացիայի ծառայության կողմից, տնային կալանքի դեպքում և այլն։

«Շատ դեպքերում տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տպավորություն է ստեղծում, թե մեր իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը,  ընտանիքում բռնության դեպքերին պատշաճ ուշադրություն չի դարձնում, բայց ես կարծում եմ, որ այս սարքերի տեխնիկական հագեցվածության պարագայում մենք արձագանքի արագություն կունենանք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց նաև, որ քայլեր են իրականացվում ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ։

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է էլեկտրոնային սարքերը պատրաստ կլինեն կիրառել 2025 թվականի հունիսի մեկից։

Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի  տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու որոշումը ընդունվեց միաձայն։

  • Կիսվել: