կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Վրաստանի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում

Վրաստանի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում

Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ: Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը:
Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը և վերջին շրջանում թաքնվում էր Աշտարակ քաղաքում:
Հետխուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր` մինչ Վրաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգի ավարտը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: