երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վերաքննիչը բեկանել է ԱՆ նախարարի օգտին կայացրած վճիռը՝ փաստաբանի վարձատրության մասով

Վերաքննիչը բեկանել է ԱՆ նախարարի օգտին կայացրած վճիռը՝ փաստաբանի վարձատրության մասով

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել բեկանել և փոփոխել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օգտին այս տարվա մարտի 4–ին կայացրած վճիռը՝ փաստաբանի վարձատրության մասով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգում հրապարակված որոշումից։

Նշենք, որ խոսքը «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործի մասին է։ Գրիգորյանը դեռևս 2019թ. մայիսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Արսեն Թորոսյանին ֆեյսբուքյան իր անձնական էջից արված ուղիղ եթերից զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել և վիրավորանքի համար ներողություն խնդրել։

Այս տարվա մարտի 4–ին առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը վճռել էր մերժել հայցը՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և Գևորգ Գրիգորյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել հայցվորի ներկայացուցիչը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է դատավարական նորմերի կոպիտ խախտմամբ։ Գրիգորյանի ներկայացուցիչը խնդրել էր վերաքննիչ ատյանից բեկանել վճիռը և փոփոխել այն՝ հայցը մերժել, սահմանելով փաստաբանի խելամիտ վարձատրության ավելի քիչ գումար։

Հուլիսի 17–ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարել, առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` փաստաբանի վարձատրության մասով բեկանել և փոփոխել։ Մասնավորապես, դատարանը որոշել է Գևորգ Գրիգորյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության դատական ծախս։ Վերաքննիչն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը փաստաբանի վարձատրության չափը որոշելիս սխալ եզրահանգման է եկել, մինչդեռ նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը 200.000 դրամ է։

 

  • Կիսվել: