հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է թեթևացնել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործերի քննության ժամկետները

Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է թեթևացնել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործերի քննության ժամկետները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթևացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատելու  գործերի քննության ժամկետները:

«Որպես ընդհանուր կանոն՝ առաջարկում ենք, որ վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով: Միայն բացառիկ դեպքում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ կարող է լինել բանավոր ընթացակարգով, ապա գործերը կքննվեն բանավոր նիստով»,- նշել է Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ մյուս կարևոր փոփոխությամբ առաջարկվում է  ամրագրել, որ այն դեպքերում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել Վարչական դատարանում և այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը  չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինն այլևս չկարողանա  վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի համապատասխան որոշումները:

Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ:

Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով:

 Սրբուհի Գալյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

  • Կիսվել: