երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վենետիկի հանձնաժողովը ՍԴ կոնցեպտի մասով համաձայն է մեզ հետ․ Բադասյան

Վենետիկի հանձնաժողովը ՍԴ կոնցեպտի մասով համաձայն է մեզ հետ․ Բադասյան

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Նա նշեց, թե ինչ դետալներ է ֆիքսել հանձնաժողովն ու արձանագրեց, որ հանձնաժողովը համաձայն է իրենց հետ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը 12 տարվա ժամկետով սահմանափակելու հարցում, սակայն առաջարկել է, որպեսզի լիազորությունների դադարեցման համար սահմանվի որոշակի անցումային շրջան:

«Հանձնաժողովն առաջարկել է այդ անցումային շրջանը  որոշել այդ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հարաբերակցությամբ: Սակայն, այդ առաջարկը խնդիր կարող է առաջացնել և ենթակա է քննարկման: Կարող է լինել իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, անցումային շրջան սահմանելու դեպքում ավելի երկար պաշտոնավարեն, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով»,- ասաց նա։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հանրաքվեի գործընթացը նախաձեռնելուց հետո կապի մեջ են եղել ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ՝ գործողությունների հետագա ծրագիրը քննարկելու համար:

«Դիմել էինք Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրելով իրավական երեք հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակը:  Նշվել է նաև, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը  ԵԽ տարածքում  չափազանց կարևոր երաշխիք է և խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխություն կատարել զգուշավորությամբ»,- ասաց Բադասյանը:

Առաջարկված  փոփոխություններով նախատեսվում է գործող դատավորների  պաշտոնավարումը սահմանել՝ նրանց  ցմահ մանդատը փոխարինելով կենսաթոշակային տարիքի  ժամկետով: 12 տարով սահմանափոկումը  համարվել է ընդունելի:  ՍԴ նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը  գործող դատավորների  պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու նոր ժամկետների աստիճանական ներդրումն է: Նախարարն իրավիճակի հնարավոր լուծում է համարում 213-րդ հոդվածի փոփոխությունը  և ՍԴ -ի թարմացումը՝  նախատեսելով անցումային ժամանակահատված:

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաև ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցին՝ շեշտելով  որ այս դեպքում երաշխիքներն ավելի մեղմ են, քանի որ խոսք է գնում ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցման մասին:

ՍԴ նախագահի նշանակման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն ընդունելի է համարել  իշխանությունների փաստարկը՝ շեշտելով, որ ՍԴ նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ: Հանձնաժողովը նաև ընդունել է, որ տվյալ համատեքստում  փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական  իրականացման միջև ընկած  ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է: Ըստ հանձնաժողովի կարծիքի՝ այն հանգեցնում է 2015 թվականի  փոփոխությունների իրագործման խափանմանը:

Բադասյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքը և  այսօր քննարկվող  նախագիծն ամբողջությամբ համահունչ են: Ընդգծեց՝ հիմնական կետերի, կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի  ՍԴ մոդելը կյանքի կոչելու իշխանության տարբերակի միջև:

  • Կիսվել: