հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ ՔՕ-ի 300․1 հոդվածը անորոշ ձևակերպումներ ունի, իսկ այդ դեպքում այն պետք է մեկնաբանվի հօգուտ անձի իրավունքների․ Քոչարյանի պաշտպան

Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ ՔՕ-ի 300․1 հոդվածը անորոշ ձևակերպումներ ունի, իսկ այդ դեպքում այն պետք է մեկնաբանվի հօգուտ անձի իրավունքների․ Քոչարյանի պաշտպան

Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական կարծիքում նշել է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անորոշ ձևակերպումներ ունի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ես և իմ գործընկերները շատ ենք խոսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին: Վենետիկ հանձնաժողովը ծանոթանալով 300.1 հոդվածի այդ դրույթներին՝ «փաստացի վերացնել», «իրավական համակարգում դադարեցնել», արձանագրել է, որ դրանք այն աստիճանի անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձևակերպված և առհասարակ դրանց չի անդրադարձել», -ներկայացրեց Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Քոչարյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքն առաջադվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հատկանիշներով։ Ըստ փաստաբանի, Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ընդհուպ մինչև Կորեայում առկա փորձը և եկել է եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր:

«Իսկ Հայաստանի 300.1 հոդվածում մենք չունենք այդպիսի ձևակերպումներ, ունենք «փաստացի վերացում», որը ոչ միայն մեզ համար է անհասականալի, այլև Վենետիկի հանձնաժողովի 4 փորձագետների կարծիքով, թարգմանության թվացյալ խնդիր է», -ընդգծեց Վարդևանյանը:

Ավելին, ըստ բանախոսի, Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձևակերպմամբ, ինչպիսին ՀՀ Քրեական օրենսգրքում է, «նմանը չկա միջազգային փորձում»:

Շարունակելով ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, փաստաբանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը իր եզրափակիչ հատվածում արձանագրել է կարևոր մեկ այլ բան ևս՝ երբ նման տեսակի լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ նման ռիսկեր պարունակելիս դրանց պետք է մեկնաբանվեն նեղ ձևով՝ հօգուտ անձի իրավունքների:

«Իմ կարծիքը հետևյալն է. 300.1-ի ձևակերպումն այնպիսին է, որ այն հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ այդպիսի մեկնաբանություն չտալով խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը»,- նշեց փաստաբանը:

Նրա դիտարկմամբ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները միջազգային փորձում բռնության կամ բռնության սպառնալիքի ձևով են։

«Հայաստանն օգտագործել է «փաստացի վերացնել» ձեւակերպումը, որի մեջ կարելի է տեսնել ամեն ինչ: Հենց դրանով խախտել է որոշակիությունը: Առհասարակ սահմանադրական կարգն անորոշ հասկացություն է, բայց անորոշությունը զսպվում է արարքի էլեմենտով, այն է՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, որն այն դարձնում է որոշակի»,-ասաց Արամ Վարդևանյանը:

  • Կիսվել: