երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում 1 տարի անց անձը կարող է վճարել 50 հազար, անցնել փորձաշրջան և վերականգնել վարորդական իրավունքը

Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում 1 տարի անց անձը կարող է վճարել 50 հազար, անցնել փորձաշրջան և վերականգնել վարորդական իրավունքը

«Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը կփոփոխվի»,- Ազգային ժողովում հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նա նախ նշեց, որ այս պահի դրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական և գործնական քննությունները հանձնելու պայմաններում:

«Մեր քննարկումներում կանգ ենք առել հետևյալ մոդելային լուծման վրա. զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո, որպես կանոն, այն 1 տարի է, բացառիկ դեպքերում՝ 2 տարի, անձը պետք է վճարի պետական տուրք 50 հազար դրամի չափով, այնուհետև պետք է սահմանվի 1 տարի փորձաշրջան անձի համար, որի ժամանակ նրան տրվում է սահմանափակ՝  6 բալային միավոր: Այսինքն՝ սահմանափակ բալային միավորներ ենք տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ վարքագիծը փոփոխվել է, և կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ: Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, հաջորդ տարվա ընթացքում վերականգնում ենք 13 բալի հնարավորությունն անձի համար:

Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից, կամ սպառվում են բալերը, ապա սա կրկին համարվում է զրկում, և անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ տեսական և գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով, քանի որ այդ դեպքում ավելի խորը խնդիր ունենք անձի գիտելիքի և հմտությունների  հետ կապված»,- ասաց նա:

Արփինե Սարգսյանը նշեց, որ  նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց՝ մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել և վերականգնել իրենց վարորդական իրավունքը:

  • Կիսվել: