ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման․ Սիրանուշ Սահակյան

Ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման․ Սիրանուշ Սահակյան

«Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռևս պահվում են Ադրբեջանում»,-  «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկմանն այս մասին ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Իհարկե, չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում  Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր»,- նշեց Սահակյանը և հավելեց․ «Նրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում ևս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով և ավելի հստակ կկարողանանք հաստատել նաև  վերջին միջադեպերով գերիներին»:

Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաև, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին և նրանց ընտանիքներին. «Միևնույն ժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաև գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև՝ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում»,- ըստ Սահակյանի՝   այս տեսանկյունից իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ «որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն առաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»,-ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

  • Կիսվել: