երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն. Գրիգոր Մինասյան

Ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն. Գրիգոր Մինասյան

Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Այդ մասին ասված է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ֆեյսբուքի էջում։
 
«1.Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները:
 
2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն և բացառապես պարտքի չափով:
 
3. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի մեկ օրում՝ նախկին տաս օրվա փոխարեն:
 
4.Ապահովվել է Հարկադիր կատարման ծառայության և բոլոր մյուս պետական մարմինների ու անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի 100% համակցումը:
 
5.Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը:
 
6. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով:
 
7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց գործառույթները իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:
 
8. Նոր համակարգի շնորհիվ` պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. այլևս ոչ մի տեղեկանք ստանալու և ներկայացնելու կարիք չկա:
 
Կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: