ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծնողներից երեքին կանդալներով բերել են ոստիկանություն, բայց ազատելուց ոչ մի թուղթ չեն տվել, որ կարողանանք վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. Մելիքյան

Ծնողներից երեքին կանդալներով բերել են ոստիկանություն, բայց ազատելուց ոչ մի թուղթ չեն տվել, որ կարողանանք վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. Մելիքյան

Ըստ փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը տարօրինակ է, քանի որ այնտեղ նշած է, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով ձերբակալված է միայն մեկ անձ՝ զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանը, այնինչ ի սկզբանե ձերբակալվել էր չորս ծնող։

Մելիքյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ մասնավորապես նշելով. ՛՛Այս պահի դրությամբ, այո, ձերբակալված է Գայանե Հակոբյանը, բայց մեր աչքի առաջ ձերբակալվել է առնվազն ևս երկու հոգի՝ շատ կոշտ ձևով․ երկու ծնող։ Բա էդ մարդիկ ձերբակալվա՞ծ չէին։ Ես նոր իրենց հետ խոսեցի. որևէ մեկին ազատ արձակման մասին թուղթ չեն տվել։

Այսինքն՝ Քննչական կոմիտեն երբ հաղորդագրություն է տվել, այդ պահին գուցե մեկ ձերբակալված է եղել, բայց ի սկզբանե եղել է առնվազն երեք ձերբակալված։ Եվ մյուս երկուսին որևիցե թուղթ չեն տվել, որ մենք կարողանանք վիճարկել նրանց ձերբակալման իրավաչափությունը։ Եթե դա հրավեր է եղել, այդպիսի հրավեր ոստիկանություն չեն ուղարկում, ժողովրդական լեզվով ասեմ՝ ՛՛կանդալներով՛՛ մարդուն ոստիկանություն չեն հրավիրում՛՛:

Փաստաբանը նաև ասաց, որ այժմ ընթանում է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը։

՛՛Նա 72 ժամվա ձերբակալման ռեժիմում է, կարող է ազատ արձակվել քննիչի որոշմամբ, բայց եթե ոչ մի այլ որոշում չկայացվի, նա 72 ժամ ռեժիմով մնալու է անազատության մեջ, հետո էլ կարող են կալանավորման հարց բարձրացնել կամ չբարձրացնել։ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում՛՛,-նշեց Մելիքյանը:

  • Կիսվել: