ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու

Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունն այն ժամանակ, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Թովմասյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է:

Նա հավելեց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն.

՛՛Երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելից։ Առաջինը մարդկային հատկանիշներն են, որոնք կարող էին այդ հարաբերությունները ստեղծել։ Վերեւում առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանի նախագահի համար շատ կարեւոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից սկսած, մի փոքր վատ զգալուց մինչեւ առողջական խնդիրները՛՛։

Ըստ Թովմասյանի՝ դատավոր Խաչատրյանն ամենափորձառուն է: ՛՛Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, այլև ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ կամ գրեթե բոլորին, ասել եմ, թե ինչու իրենց չեմ առաջադրում։ Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին եւ ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության՝ չորս դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով որեւէ էական չեն, եւ պիտի հաշվի առնել այդ հանգամանքները՛՛,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների լեգիտիմությանը, այս առնչությամբ ՍԴ դատավորն ասաց. ՛՛Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաեւ լեգիտիմության պակասի առումով եւ հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի։ Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով, որ ինքն այն չորս դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի՛՛։

Նշենք, որ ՍԴ նախագահի թեկնածության համար ինքնաառաջադրվել է ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։

Հրայր Թովմասյանն առաջադրել էր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին, որն ինքնաբացարկ է հայտնել։

ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

 

  • Կիսվել: