կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տորթը կալանավայր չհասավ. Լոռու ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Տորթը կալանավայր չհասավ. Լոռու ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ:

Փետրվարի 23-ին, ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի տարբեր հատվածներում, րոպեների տարբերությամբ, հայտնաբերվեցին, թմրամիջոց իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և Տարոնի բաժին տեղափոխվեցին 38, 24, 17 և 22 տարեկան տղամարդիկ: Քիչ ավելի ուշ հայտնաբերվեց նաև տորթը թխած 32-ամյա կինը: Նա հայտնեց, որ նախորդ օրը 38-ամյա տղամարդը, նախնական համաձայնությամբ, իրեն տվել է ապակյա շշով լուծույթ, որն օգտագործել է տորթը պատրաստելիս, և երեկոյան ժամը յոթին արդեն պատրաստի տորթը փոխանցել է նրան:

Ձերբակալությունների ընթացքում տորթը 17-ամյա պատանու ձեռքի փաթեթում էր: Ըստ հավաստի տեղեկությունների` փետրվարի 23-ին քրեակատարողական հիմնարկում պատիժի կրող տղամարդը զանգել էր պատանուն և հայտել, որ իրեն փոխանցի տորթը: Իսկ տորթը, ըստ պատանու, նրան տվել էր մի տղա:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Նշանակվել է փորձաքննություն: Ձերբակալվածների մասնակցության ձևն ու չափը, նաև դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: