չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը փոքր երկիր է, եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անեք, 99 տոկոսը ցուցակով կտա ձեզ, թե ով ինչ բիզնես է ունեցել․ Թունյանը՝ ընդդիմադիրներին

Հայաստանը փոքր երկիր է, եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անեք, 99 տոկոսը ցուցակով կտա ձեզ, թե ով ինչ բիզնես է ունեցել․ Թունյանը՝ ընդդիմադիրներին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի գնահատմամբ` պետական պաշտոնյան`լինի ՍԴ դատավոր, պատգամավոր, նախարար, չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Օրենքը նրա  մասին է, որ քաղաքացին պետական պաշտոնը  չօգտագործի իր անձնական բիզնեսները հաջողության հասցնելու համար կամ լծակներ չբանեցնի, սա է տրամաբանությունը, ու բոլորս դրա հետ համաձայն ենք», - ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քննարկման ժամանակ ասաց Թունյանը:

Նա, սակայն, հայտարարեց, թե երբ ընդդիմությունն է խոսում այն մասին, որ մարդը ձեռնարկատիրական գործունեությունը համատեղում է  պետական պաշտոնի հետ, մտովի հետ է գնում ու պատկերացնում է «Հայաստան» դաշինքի  ղեկավարին ու իր ժամանակ գործող բոլոր պետական պաշտոնյաներին:

«Հայաստանը փոքր երկիր է, որ հետ նայեք` կարող է ձեր մեջ էլ կան մարդիկ, որ կարող է և օրենքի տառը պահպանելով հրաժարվել են, բայց, եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անեք, 99 տոկոսը ցուցակով կտա ձեզ, թե ով ինչ բիզնես է ունեցել, ինպես է զբաղվել բիզնեսով: Թող իրավաբանները որոշեն՝ ինչ են անում», - ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: