երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն և պատշաճ վերահսկողություն չկա, բոլորս վերջում դրա համար ավելի թանկ ենք վճարելու. Բաբկեն Թունյան

Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն և պատշաճ վերահսկողություն չկա, բոլորս վերջում դրա համար ավելի թանկ ենք վճարելու. Բաբկեն Թունյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ անդրադարձել է տնտեսվարողների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ կապված կարգավորումների խստացումների հետ:

«Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, եւ պատշաճ վերահսկողություն չկա, ապա բոլորս վերջում դրա համար ավելի թանկ ենք վճարելու: Եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, այդ ճանապարհը բոլորիս մեքենաներն ավելի շատ է վնասելու: Իսկ վնասված ճանապարհը սարքելը բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու»,-պարզաբանել է նա՝ նպատակահարմար համարելով կանխարգելիչ միջոցների կիրառումը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել եւ սահմանել մինչեւ 1 տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ:  Այսինքն՝ որքան շատ լինի բեռի քաշը, այնքան պատասխանատվության չափը մեծ է լինելու: Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200 հազար դրամ:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ եւ (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու դեպքերը, ինչպես նաեւ հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

Նախագծի նպատակն արդարացիության, ինչպես նաեւ ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումն է:

Հոկտեմբերի 19-ին քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

 

  • Կիսվել: