կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան

Կառավարության փետրվարի 1-ի նիստին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկայացրեց թմրաշրջանառության դեմ պայքարի մասով երկու տարիների՝ 2022-2023 թվականների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան:

Առանձին վիճակագրության կա նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով:

«106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանանեգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան»,- ասաց Քյարամյանը՝ առանձնահատուկ նշելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են:

«Եթե ավելի պատկերավոր ասեմ՝ թմրանյութը տվեցին, փողը վերցրին, օպերատիվ մարմինը գնաց, բռնեց՝ հիմնականում գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առուվաճառքը, և իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում, կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ՝ մեր գնահատմամբ, այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է՝ նոր մեթոդիկայի մշակման փուլում»,- ասաց նա:

Քյարամյանը հիշեցրեց, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել, և որ դա առաջին անգամ է, որ նախկինում իրավապահ համակարգին հայտնի մեթոդները չեն կիրառվել, այլ կիրառվել են բացառապես այլ մեթոդներ՝ բացահայտելու համար թմրաշրջանառության դեպքերը:

«Անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ ենք բացահայտել մեր գործընկերների հետ համատեղ, 8 սենյակ լաբորատորիաներ ենք բացահայտել:

Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք փորձել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և ես այդ ցուցանիշն էլ ունեմ: Անցած  տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան:

Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել. քննչական ճանապարհով անցած տարի 30 տելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»,- ասաց նա:  

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին ներկայացրեց համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը:

«2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք»,- ասաց նա և հավելեց, որ դա 2022-ի համեմատ բավականին լավ ցուցանիշ է:

  • Կիսվել: