երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թևանյանի հետ ևս 9 բերման ենթարկված կա, 4-ը ակցիայի հետ ընդհանրապես կապ չունեին.  Մանուկյան

Թևանյանի հետ ևս 9 բերման ենթարկված կա, 4-ը ակցիայի հետ ընդհանրապես կապ չունեին. Մանուկյան

Անդրանիկ Թեւանյանին բերման ենթարկեցին ընդամենը քայլելու եւ բարձրախոսով խոսելու համար, որովհետեւ մեր ակցիան ընդամենը իրազեկման ակցիա էր, ոչ թե խաղաղ անհնազանդության ակցիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին բերման ենթարկելու փաստին:

«Անդրանիկ Թեւանյանն իր գաղափարակիցների հետ բուհերով էր ակցիա իրականացնում՝ տեղեկացնելով Արցախի եւ Հայաստանի հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իրազեկում էին՝ կոչ անելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ին գան եւ մասնակցեն Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:Երբ արդեն հմալսարանի տարածքից հեռանում էին, կարմիր բերետավորներն առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց ողջամիտ ժամկետ տրամադրելու, եկան ու բերման ենթարկեցին: Հիմա, ոնց հասկանում եմ, կեղծ զեկուցագիր են գրում, թե դասապրոցեսին են խանգարել: Բայց բարձրախոսի ձայնն այնքան ցածր էր, որ անհնար էր, որ դասապրոցեսին խանգարեր: Անգամ այդ դեպքում կարելի էր մոտենալ, տեղեկացնել, ողջամիտ ժամկետ տրամադրել, որ ակցիան ավարտվեր»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, այդ թվում Անդրանիկ Թեւանյանը, 10 բերման ենթարկված կա. «Նրանցից 4-ն ընդհանրապես ակցիայի հետ առնչություն չունեն: Երեքը սովորական ուսանողներ էին, որոնք այդ պահին պարզապես բակում կանգնած են եղել: Իսկ մենկ էլ, իր խոսքով, իր ծանոթներից մեկին էր բերել համալսարան: Մեքենայից իջնելիս է եղել, բերման են ենթարկել:

Այս պահին արդեն փաստաբան կա ներսում, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կան, որոնք  հերթով տեսակցում են բերման ենթարկվածներին: Ասացին, որ բոլոր 10-ին էլ վարչական վարույթի հիմքով են բերման ենթարկել: Դա նշանակում է, որ մինչեւ 3 ժամվա ընթացքում պետք է ազատ արձակվեն»:

  • Կիսվել: