շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և վկայականների հանձնման արարողություն

Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և վկայականների հանձնման արարողություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ տասներկու  նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները։

Շնորհավորելով նորանշանակ սպաներին՝ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շեշտել է այն կարևոր առաքելությունը, որ ստանձնել են նորանշանակ հարկադիր կատարողները․ «Կարծում եմ՝ գիտակցում եք, թե ինչքան մեծ է ձեր պատասխանատվությունը թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց և պետության օրինական շահերի պաշտպանության համար, և ձեր աշխատանքով եք նպաստելու արդարադատության վերջնական իրականացմանը։ Հուսով եմ՝ պատվով կկրեք սպայի համազգեստը, ձեր օրինակելի վարքագծով, գիտելիքներով, կարգապահությամբ, ազնվությամբ և պարկեշտությամբ, լիազորությունների պատշաճ իրականացմամբ էլ ավելի կբարձրացնեք Ծառայության դերը պետական կառավարման համակարգում՝ դրականորեն փոխելով նաև Ծառայության նկատմամբ հանրության վստահությունը»։

  • Կիսվել: