չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, սահմանվել են դրանցից բխող նպատակները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ Բանախոսներն անդրադարձել են ոլորտում սահմանված գերակայություններին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների դերը։

Անդրադառնալով համալիր ծրագրով նախատեսված գերակայություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ փաստաթղթի մշակման առանցքային նպատակը երեխայի լիարժեք զարգացմանն ուղղված կարճաժամկետ ծրագրերն առավել ընդգրկուն ու շարունակական միջոցառումներով փոխարինելն է:

Նախարարի տեղակալի խոսքով՝ համալիր ծրագրով սահմանվում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային թիրախային արդյունքները, մշտադիտարկման ընթացակարգերը, որոնք հնարավորություն կստեղծեն նպաստել երեխայի բոլոր իրավունքների իրացմանը, իսկ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Աշխատաժողովի ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի փոփոխությունների տեսլականը, նախնական նպատակն ու խնդիրները ներկայացրել են ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների երեխայի իրավունքների մշտադիտարկման և գնահատման բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը։ Ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնց շրջանակում քննարկվել են համակարգային բարեփոխումներին ու ոլորտային խնդիրների կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր․ խմբերում ներգրավված մասնակիցները նաև առաջարկել են գործուն քայլեր՝ ծրագրով սահմանված նպատակների իրականացման վերաբերյալ։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է ոլորտային առաջնահերթությունների և հավանական չափորոշիչների վերաբերյալ մտագրոհ։

Աշխատաժողովն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ»-ի (UNICEF) համագործակցությամբ։

  • Կիսվել: