երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սուքոյանի արարքում հանցակազմը բացակայում է. փաստաբանական խմբի հայտարարությունը

Սուքոյանի արարքում հանցակազմը բացակայում է. փաստաբանական խմբի հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ Արթուր Սուքոյանի փաստաբանական խումբը հայտարություն է տարածել՝ նշելով, որ Սուքոյանի արարքում հանցակազմը բացակայում է:

«Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք շեշտադրել, որ Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը:

Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ՝ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել: Այս պահին Արթուր Սուքոյանը ազատության մեջ է:

Փաստաբաններ՝

Էրիկ Ալեքսանյան,

Ալեքսանդր Կոչուբաև»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հաղոդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանություն, որն էլ կազմված փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե։

Նշենք նաև, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը բռնություն է կիրառել Դավիթ Լևոնյանի նկատմամբ։

  • Կիսվել: