շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպանության փորձ՝ Մալաթիա-Սեբաստիայում. Շենքի բակում և շքամուտքում գտել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր

Սպանության փորձ՝ Մալաթիա-Սեբաստիայում. Շենքի բակում և շքամուտքում գտել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին,  «Աստղիկ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով, բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ ծնված 1996թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ Երևան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական դատահետքաբանական փորձաքննություններ։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: