շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սիսիանի նախկին համայնքապետի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը դատախազությունը մերժել է

Սիսիանի նախկին համայնքապետի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը դատախազությունը մերժել է

Անձեռնմխելիության նոր կարգավիճակ ստանալու հիմքով Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը դատախազությունը մերժել է: Այս մասին 168.am-ին հայտնել է Արթուր Սարգսյանի պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեր միջնորդությունը, ըստ մեզ, հանիրավի ու անհիմն մերժվել է, որոշումը բողոքարկել ենք դատական կարգով: Մենք ասում էինք, որ մեր պաշտպանյալը անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերել, այդ հիմքով խափանման միջոց կալանավորումը վերացրեք: Մենք գտնում էինք ու հիմա էլ ենք գտնում, որ անձը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանալուց և այդ պաշտոնը փաստացի ստանձնելուց հետո անձեռնմխելիության նոր կարգավիճակ է ձեռք բերում, որը հաղթահարված չէ: Այդ մասով ենք միջնորդությունը ներկայացրել, որ հաշվի առնելով այդ հանգամանքները և հաշվի առնելով, որ նոր կարգավիճակ կա, և անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, խնդրել էինք, որպեսզի պարոն Սարգսյանը անհապաղ ազատ արձակվի: Բայց դատախազությունը անդրդվելի գտնվեց և ինչ-որ անհիմն պատճառաբանություններով մերժեց մեր միջնորդությունը»,- ասել է Էմին Խաչատրյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազության որոշման դեմ ներկայացրած բողոքը մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

  • Կիսվել: