շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանի և ընկերության աշխատակից Լիլյա Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին նրանց փաստաբանները հայտարարություն են տարածել։
 
Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։
 
Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։
 
«Նման իրավիճակն անհեթեթ է ոչ միայն իրավունքի, այլ պարզ տրամաբանության տեսանկյունից։ Իրավակիրառ պրակտիկայում ձևավորված է հստակ մոտեցում. կատարողի արարքն ավելի ծանր է, քան դրդողինը կամ օժանդակողինը, իսկ ներկա կամ նախկին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ավելի հավանական է դարձնում քննությանը խոչընդոտելու ռիսկը, քան այդպիսին չհանդիսանալը։ Տվյալ դեպքում երկու պարզ սկզբունքն էլ խաթարված է» - ընդգծել է Լիլյա Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
 
Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը։
«Հիմնավոր չեն թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում և հարկ եղած դեպքում` նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը» - նշել է «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը։

  • Կիսվել: