ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդական կողմը պատրաստակամություն է հայտնել` ՀՀ-ի կիսվելու արդարադատության ոլորտում իր փորձով

Շվեդական կողմը պատրաստակամություն է հայտնել` ՀՀ-ի կիսվելու արդարադատության ոլորտում իր փորձով

Դատական համակարգի թափանցիկության ապահովման շրջանակներում ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այսօր ընդունել են Շվեդիայի Ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի ներկայացուցիչներ Բյորն Լինդենին (դատական համակարգի նոր ակնկալիքները բավարարելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով հայաստանյան դատավորների կարողությունների ընդլայնման ծրագրի ղեկավար) և Լյուդվիգ Բեքինգին (SNCA ծրագրի համակարգող և իրավախորհրդատու)։

ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շվեդական պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել Հայաստանում՝ դատական համակարգին աջակցության ծրագրի շրջանակներում:

Մասնավորապես, շվեդական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել` կիսվելու արդարադատության ոլորտում իր փորձով, այդ թվում՝ դատավորների պրոֆեսիոնալիզմի և նրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղություններով, որտեղ կարևորվել է նաև մեդիայի դերը։

Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց վերապատրաստումների ծրագիրը, որը կրելու է շարունակական բնույթ և ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին։ Վերապատրաստումներն իրականացվելու են Արդարադատության ակադեմիայի միջոցով: Գործընթացին ներգրավված են լինելու նաև ոլորտի փորձագետներ:

Փոխնախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին հայտնել է, որ ՀՀ-ում արդեն իսկ ընթացքի մեջ են դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքները:

Դատական համակարգի թափանցիկության ապահովման համատեքստում քննարկվել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նյութատեխնիկական ապահովվածության, մեդիայի և դատավորների հետ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության և այլ հարցեր:

Գրիգոր Մինասյանը մտահոգություն է հայտնել, որ այժմ առկա են դատավորների թափուր հաստիքներ, սակայն չկան դիմողներ։ Շվեդական կողմն այս մասով ընդգծել է դատավորի աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման և հարգանքի ամրապնդման, ինչպես նաև նիստերի քանակի նվազեցման անհրաժեշտությունը:

Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության կարևորությունը։

  • Կիսվել: