ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իր դեմ։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։ «Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։

Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույնն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար՛՛:

  • Կիսվել: