երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի պաշտպանները եզրափակիչ ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստին

Սերժ Սարգսյանի պաշտպանները եզրափակիչ ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին երրորդ նախագահի պաշտպանները հանդես կգան եզրափակիչ ճառով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին։

Այսօրվա նիստին ճառով հանդես եկան Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի պաշտպանները, որոնք միջնորդեցին դատարանին՝ արդարացնող վճիռ կայացնել։

Հիշեցնենք, որ Նախորդ նիստին էլ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

  • Կիսվել: